Արբանյակը կա՛ և պատկանում է Հայաստանին

հայաստանի արբանյակը տիեզերքում

Հովհաննես Նազարեթյան #CivilNetCheck

Հայաստանի առաջին արբանյակի՝ մայիսի 25-ին Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերելու հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում և լրատվականներում ոչ միանշանակ կարծիքներ ու պնդումներ հնչեցին արբանյակի պատկանելիության, հնարավորությունների, արժեքի և նպատակահարմարության վերաբերյալ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 26-ի կառավարության նիստում հայտարարեց, որ նախորդ օրը Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը։ «Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական Սատլանտիս ընկերության համագործակցության արդյունքում»,- նշել է Փաշինյանը։

Նույն օրը կառավարությունը հրապարակել է արբանյակի լուսանկարներ և արբանյակի՝ Երկիր մոլորակի ուղեծիր արձակելու տեսանյութ։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, որը նախկինում եղել է տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման վարչության պետ, հարցազրույցում արբանյակը անվանել է «դարի բլեֆը»։ Նա պնդել է, որ այն հայկական չի կարող լինել, քանի որ կոորդինատներ չունի և կարող է պատվիրված կամ վարձակալված լինել իսպանական ընկերությունից։ Պետրոսյանի խոսքով՝ ի տարբերություն Ադրբեջանի երեք արբանյակների՝ Հայաստանի արբանյակը գեոստացիոնար չէ։

«Այս արբանյակը ոչ այլ ինչ է, քան քաղաքական և հասարակության ներքին սպառման համար ձևավորված միֆ։ Այս արբանյակը որևիցէ խնդիր լուծել չի կարող»,-ասել է Պետրոսյանը։

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայկական արբանյակը համեմատել է հյուրանոցային համար ամրագրելու հետ․ «Մենք այդ արբանյակը չենք կառուցել, մենք պարզապես վարձում ենք արբանյակ մեզ համար»։

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանն էլ նշել է, թե քանի որ արբանյակի մասին շատ տեղեկություններ և մանրամասներ չկան, շատ հարցեր բաց են մնում։ «Այսինքն՝ այդ ձևակերպումը, որ մենք արբանյակ ունենք, ես դեռ վերապահումով կանեի։ Դեռ հասկանանք՝ ո՞ւմ արբանյակն է, մեր բաժինը որքա՞ն է, որքանո՞վ կարող ենք տիրապետել դրա տվյալներին, այս ամենից հետո նոր կարող ենք ասել, որ արբանյակ ունենք»,- ասել է Միքայելյանը։

Ակտիվիստ Նաիրի Հոխիկյանը ևս կասկածանք է հայտնել՝ նշելով, որ չի բացառում, որ շաբաթներ անց կպարզվի, որ տիեզերք արձակված արբանյակը ոչ թե հայկական է, այլ որևէ արբանյակի մեջ Հայաստանի համար նախատեսված ծառայություն։ Նա նաև կարծիք է հայտնել, որ այն կարող էր վարձակալված լիներ, այլ ոչ թե գնված։

Որոշ օգտատերեր կասկածի տակ են դրել արբանյակի՝ Հայաստանին պատկանելը, նշելով, որ պաշտոնական կայքերում Հայաստանի անունը չի նշվում, դրոշն էլ տեղադրված չէ։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ ՀՀ առաջին արբանյակի արձակման շուրջ բոլոր որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում, և այս է պատճառը, որ նախնական որևէ տեղեկատվություն չի հրապարակվել: «Գաղտնիության հետ կապված որոշումները կայացրել ենք ինչ-ինչ նկատառումներից ելնելով»,- հավելել էր նա, ինչի հետևանքով փաստացի այս գործարքի վերաբերյալ տեղեկատվությունը կցկտուր էր և շրջանառվեցին ամենատարբեր կարծիքներն ու պնդումները։

Մանրամասներ իսպանական ընկերությունից

Արբանյակի մասին որոշ մանրամասներ է հաղորդել իսպանական «Սատլանտիս» ըներկությունը մայիսի 25-ին հրապարակած հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ այն ունի «Urdaneta-Armsat_1» անվանումը, 16,4 կգ է և Երկրի շուրջ պտտվելու է 530 կմ բարձրության վրա։ Արբանյակի կորիզը iSIM-90 տեսախցիկն է, որը կարող է բարձր որակի (1,8մ) լուսանկարներ անել։ Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանի Azersky արբանյակը կարող է լուսանկարել 1,5մ ճշտությամբ։

Այս արբանյակը, որն ուղեծրում կմնա առնվազն չորս տարի, ունի գյուղատնտեսական, էկոլոգիական և այլ կիրառումներ։ Իսկ, ըստ Փաշինյանի, այն կօգտագործվի նաև սահմանների հսկողության, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։ ՍիվիլՆեթի հետ զրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ արբանյակը ունի «միջինից ավել կարողություններ» և օգնելու է լուծել սահմանազատման խնդիրները։

Հայ հանրության շրջանում առաջացած կասկածներին ու դավադրության տեսություններին որոշակի պատասխան տվեց «Սատլանտիս» ընկերության՝ հունիսի 6-ի հաղորդագրությունը, որում անդրադարձ է կատարվում Հայաստանի հետ համագործակցությանը, սպասվելիք ծրագրերին, ինչպես նաև արբանյակի աշխատանքին։

Դրա մեջ մեջբերվում է նաև ընկերության տնօրեն Ժան-Ժակ Դորդեյնի խոսքը. «Հպարտ ենք (Հայաստանին-խմբ․) փոխանցել Armsat-1 անունով հայտնի մեր «Ուրդանետա» արբանյակը, որը Հայաստանի տիեզերական ռազմավարության առաջին արբանյակն է: Մենք կաջակցենք կառավարության որոշումներին՝ ստեղծելով աշխատատեղեր, տաղանդներ ու արտադրանք»:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 8 ամիս տևած «աներևակայելի արագ գործընթացի» շնորհիվ Հայաստանն արդեն ունի իր արբանյակը։

««Սատլանտիսը» հպարտ է հայտարարել Հայաստանի հետ իր պայմանագրի մասին՝ «Ուրդանետա»-ի մասով։ Ընկերությունը հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դուստր ձեռնարկության՝ «Գեոկոսմոսի» հետ՝ Երկրի դիտման ամբողջական համակարգ տրամադրելու համաձայնագրի վերաբերյալ։ «Urdaneta»-ն, որի աշխատանքային անվանումը ARMSAT_1 է, կլինի այդ երկրի առաջին արբանյակը տիեզերքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ընկերությունը նշում է, որ սա երկարաժամկետ հեռանկարի միայն սկիզբն է, որը կոչվում է հայկական նոր տիեզերական ռազմավարություն, և այն կզարգացնի ոլորտի ազգային կարողությունները և երիտասարդ ինժեներների տաղանդը՝ կրկնելով «Սատլանտիս»-ի առաջարկած մոդելը:

Արբանյակի առաջին արդյունքները կներկայացվեն Երևանում կայանալիք STARMUS 6-րդ փառատոնի ժամանակ, որը նախատեսված է սեպտեմբերի 5-11-ը։

Նշենք, որ ըստ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանի՝ «Սատլանտիս» ընկերությունն ընտրվել էր առաջարկած ֆունկցիոնալ-տեխնիկական հնարավորությունների և գնի պատճառով, որը դեռևս հրապարակման ենթակա չէ։ Սակայն ըստ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի՝ ծրագիրն արժեցել է մոտ 5 մլն դոլար։ Հատկանշական է, որ ապրիլի 15-ի կառավարության որոշմամբ «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացվել էր 3,32 մլրդ դրամով (շուրջ 7 մլն դոլարով):

Մեկնաբանել