Հայաստանի ղեկավարների նվաճումներն ու ձախողումները, ըստ «Կովկասյան բարոմետրի»

Հայաստանի քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիների ամենամեծ նվաճումը համարում են 2018-ին Հայաստանի ժողովրդավարական զարգացման հույսի ներշնչումն ու կոռուպցիայի կրճատումը։ Այդ մասին են վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի իրականացրած «Կովկասյան բարոմետր 2021-2022» հարցումների տվյալները։

Քաղաքացիները Փաշինյանի կառավարման տարիների ամենամեծ ձախողումը համարում են արցախյան երկրորդ պատերազմը տանուլ տալն ու պատերազմը կանխելուն ուղղված դիվանագիտական անբավարար ջանքերը։ Հարցվածների 43 տոկոսը նշել է, որ Փաշինյանի կառավարման 2018-2021 տարիների ընթացքում որևէ նվաճում չի եղել, իսկ 6 տոկոսն ասել է, որ որևէ ձախողում չի եղել։

Ըստ հարցվածների 72 տոկոսի՝ Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիների ընթացքում որևէ նվաճում չի եղել, իսկ 8 տոկոսը որպես նվաճում նշել է քաղաքական կայունությունը։ Որպես Սարգսյանի կառավարման տարիների ձախողումներ մարդիկ նշել են ապրիլյան պատերազմն ու տարածքային կորուստները, աղքատության խորացումն ու արտագաղթը և կոռուպցիան։

Հարցվածների 31 տոկոսը որպես Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիների ձեռքբերում ներկայացրել են տնտեսական աճը, իսկ 51 տոկոսը նշել է, որ որևէ նվաճում Քոչարյանի կառավարման տարիներին չի եղել։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ամենամեծ ձախողում քաղաքացիները համարել են հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը, մարտի 1-ի արդյունալի դեպքերն ու ղարաբաղյան կարգավորման բանակցություններից ԼՂ իշխանությունների դուրս մնալը։ Հարցվածների 10 տոկոսը ասել է, որ Քոչարյանը որևէ ձախողում չի ունեցել։

Հարցման մասնակիցների 24 տոկոսը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների ամենամեծ նվաճումը արցախյան պատերազմի հաղթանակն էր, իսկ 20 տոկոսը շեշտել է Հայաստանի անկախացման ու ճանաչման փաստը։ Հարցվածների 51 տոկոսն ասել է, որ Տեր-Պետրոսյանի օրոք որևէ հաջողություն չի եղել։ Որպես նրա կառավարման տարիների ձախողում քաղաքացիները համարել են էներգետիկ ճգնաժամն ու սպառողական ապրանքների պակասը, տնտեսական գահավիժումն ու Արցախում ռազմական հաղթանակը քաղաքականապես չամրագրելը։ Հարցված քաղաքացիների 3 տոկոսն ասել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին ձախողում չի եղել։

Մեկնաբանել