Երևանի հանրային տրանսպորտը մինչև 2023-ի վերջ 70 տոկոսով բարեփոխված կլինի․ քաղաքապետ

Երևանում հանրային տրանսպորտը մինչև 2023-ի վերջ 70 տոկոսով բարեփոխված կլինի: Առաջիկայում սպասվում են նոր օրենսդրական փոփոխություններ՝ մասնավոր օպերատորներին տրանսպորտի բարեփոխման ծրագրում ներգրավելու համար: Այդ մասին ասում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում:

Նրա խոսքով, հանրային տրանսպորտի բարեփոխման ծրագրում ներգրավվելու են նաև մասնավոր օպերատորները: Այդ նպատակով այժմ իրականացվում են օրենսդրական փոփոխություններ:

«Գումարը հավաքագրվելու է համայնքի կողմից, և մասնավոր օրեպատորներին վճարելու ենք իրենց վարած յուրաքանչյուր կիլոմետրի համար», – նշում է Երևանի քաղաքապետը` հույս հայտնելով, որ մինչև տարեվերջ այդ օրենսդրական նախաձեռնությունը կընդունվի խորհրդարանում, և 18-մետրանոց ավտոբուսների ձեռք բերման մրցույթ կհայտարարվի:

Բրիտանական WYG խորհրդատվական ընկերության նախագծած՝ Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր ցանցի վերջնական նախագիծը, որը ներկայացվեց 2019 թվականին, ներդրվելու է փուլ առ փուլ և կարող է տևել մի քանի տարի:

Ըստ քաղաքպետ Հրաչյա Սարգսյանի՝ հանրային տրանսպորտի բարեփոխումը կամբողջանա 2024 թվականից հետո:

Տրանսպորտային նոր ցանցով ներկայում գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև փոխադրամիջոցների քանակը։ Կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս։

Վերջին մի քանի տարում քաղաքապետարանը կառավարության ֆինանսական աջակցությամբ թարմացրել է հանրային տրանսպորտի շարժակազմը: Միևնույն ժամանակ, քաղաքապետն ընդունում է, որ տրանսպորտային բարեփոխման գործընթացը դանդաղել է` պայմանավորված երկու շոկերով՝ կորոնավիրուսի համավարակը և 44-օրյա պատերազմը:

«Այնուամենայնիվ, մենք հայտարարեցինք ավտոբուսների ձեռք բերման մրցույթ, որում հաղթեց չինական ընկերություն: Այժմ արդեն ձեռք ենք բերել 211 հատ 8,6-մետրանոց ավտոբուս, որոնք աշխատում են գազով», – հիշեցրեց քաղաքապետը:

Մինչ այդ, 2020-ին համայնքի բյուջեով ձեռք է բերվել 100 «Գազել» կոմպակտ ավտոբուս: Մինչև դեկտեմբեր քաղաքային իշխանությունը նախատեսում է ևս 150 նոր ավտոբուս ձեռք բերել:

Համայնքային պարկը կհամալրվի նաև 87 MAN մակնիշի նոր ավտոբուսով, որոնց ձեռք բերման պայմանագիրն արդեն ստորագրել է Երևանի քաղաքապետը:

Մեկնաբանել