Եվրոգոտու ճգնաժամը վտանգավոր է աշխարհի համար. ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փորձագետները կարծում են, որ պարտքային ճգնաժամի հետևանքները առայժմ զգացվում են հիմնականում եվրոպական տնտեսություններում։ Բայց եթե իրավիճակը շարունակի վատթարանալ, պետական և կորպորատիվ արժեթղթերի եկամտաբերությունը կտրուկ կբարձրանա, և սպառողները կնվազեցնեն ծախսերը՝ սպասելով ավելի դժվար ժամանակների։ Այս դեպքում եվրոգոտու և Մեծ Բրիտանիայի ՀՆԱ անկումը կկազմի 5%, ԱՄՆ-ինը՝ 2%, Ճապոնիայինը՝ 1%։

«Եվրոգոտում ստեղծված իրավիճակը պահանջում է խաղի պայմանների փոփոխություն. անհապաղ քայլեր են անհրաժեշտ բանկային միության, բյուջետային ինտեգրման, բյուջեի ծախսերի աստիճանական կրճատման, ինչպես նաև դրամավարկային խթանման ուղղությամբ»,- ասված է ԱՄՀ հաշվետվության մեջ։

Ըստ ԱՄՀ փորձագետների՝ չնայած արտաքին գործոնների բացասական հետևանքները սուր արտահայտված չեն լինի, ինչպես կանխատեսվում էր, այդուհանդերձ նման ռիսկերը պետք չէ անտեսել։

«Անհրաժեշտ է ջանքեր գործադրել համաշխարհային տնտեսության համար ֆինանսական շոկերի և դրանցով պայմանավորված հետևանքները կանխելու ուղղությամբ։ Սակայն եթե անգամ այդպիսիք ի հայտ գան, իշխանությունների փոխհամաձայնեցված արձագանքը, որը կտարբերվի տնտեսական քաղաքականության ընդունված մեթոդներից, ունակ է թուլացնելու դրանց ազդեցությունը»,- նշված է ԱՄՀ հաշվետվության մեջ։

ԱՄՀ փորձագետների կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տալիս, որ եվրոգոտում լարվածության ուժեղացման դեպքում զարգացած այլ երկրներում կայունացնող ֆիսկալ մեխանիզմների կիրառումը 15-25%-ով կարող է նվազեցնել ՀՆԱ-ի հնարավոր կորուստները։

«Նման միջոցառումները կարող են կանխել ակտիվների գների փլուզումը՝ զգալիորեն թուլացնելով արտաքին ազդեցությունները պարտքային և ֆոնդային շուկաների վրա»,- ասված է ԱՄՀ հաշվետվությունում։

Մեկնաբանել