Հայաստանում քաղաքական բազմազանություն չի մատուցվում․ կարծում է Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական դաշտում ամենամեծ ողբերգությունը ոչ թե Նիկոլ Փաշինյանի իշխանության և նախկինների ընդդիմության առկայությունն է, այլ մյուս կուսակցությունների պասիվությունը։
«Մնացած քաղաքական ուժերը մրցակցություն չեն դրսևորում։ Պատճառն այն է, որ տարիներ շարունակ քաղաքական դաշտ չի «աճեցվել»։ Մի քաղաքական ուժ աշխուժություն է ցուցաբերել ու անպայման «զավթվել է»։ Կամ խելացիներին տարել են իրենց մոտ, կամ էլ լուծարել ու հալածել։ Կուսակցաշինությունն էլ պիտի հավասարության պայմաններում լինի»,- ասաց Լևոն Բարսեղյանը։
Ըստ նրա՝ այս իշխանությունը պարտավոր էր քաղաքական դաշտի «արդարացում, համահարթեցում կամ վեթինգ իրականացնել»։ Նա ասում է, որ քաղաքական դաշտում մարդիկ ընտրության հնարավորություն չունեն։
Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության ու իշխանության քաղաքական պայքարին՝ Բարսեղյանը նկատում է. «Ես կատակով նշել եմ, թե տեսնես՝ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» ո՞նց են այս ընդդիմության պարտքի տակից ելնելու։ Ամեն անգամ հենց հանրության մեջ դժգոհություններն աճում են այս իշխանություններից, բավական է, որ նախկին իշխանությունները կամ նրանց մերձավորները սկսեն «ձայներ արձակել», ցույցեր կազմակերպել, պահանջներ ներկայացնել, հանրության հիշողությունն անմիջապես թարմանում է ու սկսվում է վատի ու վատթարագույնի միջև ընտրելու հանգամանքը։ Ուստի հանրությունն ասում է՝ «լավ է, որ սրանք մնան, քան նրանք վերադառնան»»,- նշեց Բարսեղյանը։
Գևորգ Թոսունյան