Քաղաքացիներն ամենաշատը վստահում են ՄԻՊ գրասենյակին, ամենաքիչը՝ ԶԼՄ-ներին

դրոշ շուռնուխ

Հայաստանում ամենավստահելի ինստիտուտը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է

Հայաստանում ամենավստահելի ինստիտուտը մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն է։ Այս մասին է վկայում «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն Հայաստան»-ի (CRRC – Armenia) սոցհարցումը, որն անցկացվել է 2021-ի դեկտեմբերից 2022-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել են 1 648 չափահաս քաղաքացիներ Հայաստանի տարբեր բնակավայրերից։ Հարցվածների մեծամասնության՝ ավելի քան 81%-ի համար ՄԻՊ-ը վստահելի կառույց է։ Ցուցակում երկրորդը բանակն է, իսկ վերջինը՝ լրատվամիջոցները։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում պատմեց, որ վստահությունը ՄԻՊ-ի նկատմամբ աճել է հետպատերազմական շրջանում։

«Հատկապես պատերազմից հետո շատ մեծածավալ էինք անում այցերը տեղեր, մարզեր, գյուղեր, սահմանային բնակավայրեր, ծանոթանում էինք մարդկանց խնդիրներին, օբյեկտիվ էինք արձանագրում փաստերը, իրականացնում էինք վերլուծություններ, հրապարակում դրանք», – պատմում է Մարդու իրավունքների նախկին պաշտպանը։

Թաթոյանը կարևորում է, որ ՄԻՊ-ը ակտիվորեն խոսել է ադրբեջանցիների կողմից սահմանախախտման դեպքերի մասին, չնայած ոլորտի պատասխանատու պետական մարմինները միջադեպերի մասին հաճախ լռում էին։ Պաշտոնականին հակասող տեղեկությունների համար, Թաթոյանի խոսքով, կառույցը հաճախ թիրախավորվում էր կառավարության և այլ պետական կառույցների կողմից։

Նախորդ՝ 2019-ի փետրվարից 2020-ի մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում կատարված ուսումնասիրության ժամանակ ՄԻՊ-ի հեղինակությունը հարցվածների շրջանում այսքան բարձր չէր։ Այն վստահելի ինստիտուտների շարքում 7-րդն էր, կառույցին վստահում էր հարցվածների 43%-ը։


CRRC-ի 2019/2020թթ․ հարցումը

Բարձր հեղինակությամբ երկրորդ կառույցը բանակն է

CRRC-ի հարցումների համաձայն՝ բարձր հեղինակությամբ երկրորդ կառույցը բանակն է։ Հարցվածների 58%-ի համար այն լիովին վստահելի է։ Նախորդ ուսումնասիրության համեմատ, որն արվել էր երկու տարի առաջ, բանակը զիջել է իր դիրքերը։ 2019-ին այն վստահելի կառույցների թվում առաջինն էր։

Հետաքրքիր է, որ հարցման մասնակիցների համար, կրթական և առողջապահական համակարգերից առավել, վստահելի է եղել Եվրոպական Միությունը։ Վստահելի միջազգային կառույցների թվում ԵՄ-ն առաջ է անցել նաև Միավորված ազգերի կազմակերպությունից՝ ՄԱԿ-ից։ Սակայն միևնույն ժամանակ փոքր չէ նաև ԵՄ-ի նկատմամբ անվստահություն ունեցող մարդկանց թիվը՝ 17%-ի համար կառույցը լիովին անվստահելի է։

Վստահելի կառույցների ցանկում վերջինը լրատվամիջոցներն են

Վստահելի կառույցների ցանկում վերջինը լրատվամիջոցներն են։ Նրանց լիովին վստահում է հարցվածների միայն 2%-ը։ Հարցվածների 52%-ի համար ԶԼՄ-ները ընդհանրապես վստահելի չեն։

«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ ղեկավար, նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի դիտարկումները ցուց են տվել, որ լրատվամիջոցների նկատմամբ վստահության անկում կա ամբողջ աշխարհում, սա միայն հայաստանյան ֆենոմեն չէ։ Պատճառը նա տեսնում է լրատվամիջոցների բևեռացման և կուսակցականացման մեջ։

«Հայաստանյան մեդիամիջավայրում պետք է շեշտենք, որ ամենախնդրահարույցը լրատվամիջոցների բավական լուրջ կուսակցականացված լինելն է և որոշակի շահերի սպասարկումը։ Թվում է՝ մեր հանրությունը կրթվածության տեսանկյունից որոշակի խնդիրներ ունի, մինչդեռ մեր հանրային իմաստությունը շատ ակնհայտ է։ Միանգամից զգում են, որ լրատվամիջոցներում ինչ-որ բան է տեղի ունենում և որ ամբողջապես պետք չէ վստահել»,- պատմում է Գայանե Աբրահամյանը։

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի նախորդ հարցումներով լրատվամիջոցների նկատմամաբ վստահությունը 2 տոկոսով ավելի բարձր էր։ Նրանց լիովին վստահում էր հարցվածների 4%-ը։ Հանրային խոսույթում, մասնավորապես պաշտոնայների ելույթներում, հաճախ են հնչում մեղադրանքներ լրագրողների հասցեին։ Լրագրողները մեղավոր էին 2013-ին երկրում տիրող «գաղջ մթնոլորտի» համար, մեղավոր էին 2016-ի ֆուտբոլային անհաջողությունների համար, իսկ նոր իշխանությունների օրոք լրագրողներն անվանվեցին «վերբալ մարմնավաճառներ»։

Գայանե Աբրահամյանից հետաքրքրվեցինք՝ պաշտոնյաների նմանատիպ որակավորումները ազդեցություն ունենո՞ւմ են լրատվամիջոցների նկատմամբ վստահության վրա։

«Այստեղ մի քանի գործոն կա։ Այն, որ երկու կողմերից էլ, քաղաքական գործիչների կողմից քավության նոխազ են դիտարկվում, բայց մյուս կողմից նաև օբյեկտիվորեն խնդիրն առկա է հենց մեդիա դաշտում։ Նման բևեռացվածության իրավիճակ մենք երբեք չենք ունեցել մեր մեդիա դաշտում և սա օբյեկտիվ պատկերն է»,- կարծում է Աբրահամյանը։

Օֆելյա Սիմոնյան