Հայաստանցիների գերակշիռ մասը դեմ է Ղարաբաղի որևէ կարգավիճակի Ադրբեջանի կազմում․ հարցում

karabakh

Հայաստանցիները գրեթե բոլորը դեմ են Բաքվի հետ ցանկացած պայմանավորվածության, որով Ղարաբաղի վերահսկողությունը կանցնի Բաքվին, ցույց են տալիս հասարակական կարծիքի նոր հարցումները, որն իրականացրել է «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստանը» (ՀՌԿԿ) «Կովկասյան բարոմետր» հետազոտությունների հերթական շարքում:

Հարցման համար ՀՌԿԿ-ն իրականացրել է դեմ առ դեմ հարցազրույցներ ավելի քան 1 600 չափահասների հետ Հայաստանի քաղաքներում, ավաններում և գյուղական համայնքներում անցած տարվա դեկտեմբերից մինչև այս տարվա փետրվար: Հարցման արդյունքներն ունեն 2,4% սխալի սահման։

Հարցվածների 98%-ը պատասխանել է, որ երբեք հավանություն չի տա գործարքին, որը թույլ կտա Բաքվին վերահսկողություն հաստատել Ղարաբաղի վրա, նույնիսկ եթե վերջինին տրվի ինքնավարության բարձր աստիճան Ադրբեջանի կազմում:

Նմանապես, 94%-ն ասել է, որ դեմ կլինի, եթե Ղարաբաղը լինի Հայաստանի և Ադրբեջանի կողմից համատեղ կառավարվող հատուկ վարչական տարածք:

Հարցվածների 91%-ն ասել է, որ «միանշանակ» (78,8%) կամ «հնարավոր է» հավանություն կտար Ղարաբաղը Հայաստանի մաս լինելուն, իսկ 80%-ը հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Ղարաբաղը որպես անկախ երկիր:

Հարցվածների 53%-ի համար ընդունելի է համաձայնագիրը, որը Ղարաբաղը կդարձնի Ռուսաստանի մաս։

Հարցվածների 66%-ն ասել է՝ կարծում է, որ 2020-ի պատերազմը Ղարաբաղում և նրա շուրջ «անխուսափելի էր», իսկ 28%-ն ասել է, որ ունի ընտանիքի առնվազն մեկ անդամ, որը «մասնակցել է պատերազմին»:

Հարցվածների մեծամասնությունն ասել է, որ շարունակում են անհանգստանալ իրենց և իրենց ընտանիքների ապրուստի և անվտանգության վրա պատերազմի ազդեցությունից:

Ընդհանուր առմամբ, 50%-ն ասել է, որ կարծում է, որ առաջիկա տասնամյակում տարածաշրջանում նոր հակամարտությունների վտանգ կա։ Եվս 19%-ն ասել է, որ կարծում է, որ հակամարտությունն ի սկզբանե երբեք չի ավարտվել: Հարցվածների 10%-ից պակասն ասել է, որ մոտ ապագայում նոր հակամարտությունների վտանգ չի տեսնում:

Հետազոտողները նաև հարցրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին։

Ռուսաստանի միջնորդությամբ կնքված զինադադարի համաձայնագրում երկու կողմերն էլ պարտավորվել են ապաշրջափակել «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը», սակայն մինչ այժմ առաջընթաց չի գրանցվել:

Հարցվածների 52%-ն ասել է, որ «ընդհանրապես համաձայն չէ», որ Հայաստանն ու Ադրբեջանը ապաշրջափակեն կոմունիկացիաները, իսկ ավելի մեծ թիվ (64%) ասել է, որ «լիովին համաձայն է», որ ապաշրջափակումը սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը։

Հարցվածների մեծ մասը (45%) նույնպես ասել է, որ իրենք «լիովին համաձայն չեն», որ ապաշրջափակումը հիմք կստեղծի Հայաստանի տնտեսական զարգացման համար։