Հայաստանը կապ է տեսնում Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացների միջև․ Միրզոյան

«Հայաստանը կապ է տեսնում Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան գործընթացների միջև, կապ, որ Թուրքիան է փորձում գտնել կամ ընդգծել յուրաքանչյուր առիթով»․ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հունիսի 9-ի համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն ուրախ է Թուրքիայի բարձրագույն իշխանությունից լսել հարաբերությունների կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման պատրաստակամության մասին, սակայն Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման գործըթնացը կապել հայ-ադրբեջանական գործընթացի հետ, ըստ Միրզոյանի, կառուցողական չէ։

«Կան որոշակի տարբերություններ նաև այն առումով, որ մենք այլ պատկերացումներ ունենք տեմպի մասին»,- ասաց Միրզոյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի հետ Հայաստանի բանակցությունններում տարբեր ուղղություններով դիրքորոշումները չեն համընկնում։

«Հնարավաոր չէ չանդրադառնալ Ղարաբաղի հակամարտությանը, քաղաքական կարգավորում չտալ այդ հակամարտությանը, ԵԱՀԿ Մինսկի խումբն է այն ձևաչափը, որն ստեղծվել է՝ խաղաղ կարգավորում գտնելու նպատակով», -հայտարարեց Միրզոյանը՝ շեշտելով, որ որոշակի դրական տեղաշարժ կա տարածաշրջանային, տրանսպորտային ապաշրջափակման առումով։

Իր խոսքում Միրզոյանը շեշտեց՝ Հայաստանը շարունակում է հավատալ, որ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ի դրությամբ հաստատված ստատուս քվոն և մարտի 23-ի դրությամբ եղած վիճակը, որը խախտվել էր Ադրբեջանի զինուժի կողմից Փառուխ գյուղ ներխուժմամբ։

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, կապված Հայաստանում ներքաղաքական ճգնաժամի հետ, Միրզոյանն ասաց՝ ճգնաժամ չկա, քանի որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ Հայաստանում եղել են մեկ տարի առաջ, իսկ հանրահավաքների սակավամարդությունը չի խոսում այն մասին, որ այդ հանրահավաքները աջակցություն ունեն Հայաստանի քաղաքացիների կողմից։

«Իմ անձնական դիրքորոշմամբ՝ ես այնտեղ ողջախոհության հետ կապված հարցեր եմ տեսնում։ Նախ, այդ ուժերը իրենց գործունեությունը կարող են ծավալել խորհրդարանում և, երկրորդ, ամենաբովանդակային կողմը հարցի՝ հանրահավաքներ կազմակերպող ուժերը խոսում են այն մասին, որ Հայաստանի իշխանությունները ճիշտ քաղաքականություն չեն վարում Լեռնային Ղարաբաղի հարցում, ճիշտ քաղաքականություն չեն վարում Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Տարօրինակորեն այդ ուժերը չեն հայտարարում, որ եթե մեր կառավարությունը հրաժարական տա ու իշխանությունը փոխանցվի այդ ուժերին, նրանք, օրինակ, պատրաստվո՞ւմ են չեղարկել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, պատրաստվո՞ւմ են դուրս գալ սահմանազատման գործընթացից, պատրաստվո՞ւմ են կասեցնել ապաշրջափակման գործընթացը»,- հարցադրումներ արեց Միրզոյանը։