Աբխազ թիքթոքերը մեղադրվում է դավաճանության մեջ

Լուսանկարում՝ Դաուր Բուավան, TikTok

Մարիաննա Կոտովա, OC Media

Պատմության մեջ առաջին անգամ Աբխազիայի քաղաքացին մեղադրվում է պետական դավաճանության մեջ։ Ենթադրվում է, որ Տկուարչալի (Տկվարչելի) 28-ամյա բնակիչ Դաուր Բուավան սոցցանցերում քարոզչություն է իրականացրել «Աբխազիան Վրաստանին կցելու համար»:

Բուավան դատապարտվել է հեռակա կարգով։ Ըստ նրա վերջին տեսանյութերի՝ Բուավան այժմ ապրում է Թբիլիսիում:

Դաուր Բուավան իր հրապարակած տեսանյութերում, որոնցից շատերը, ըստ քննիչների, տեղադրվել են TikTok-ում, նկարագրում է այն տարբեր օգուտները, որոնք կարող են ստանալ Աբխազիայի բնակիչները, եթե այն դառնա Վրաստանի մաս։

«Ես տեսնում եմ միասնություն և ամուր ընտանիք»,- ասում է նա մի տեսանյութում՝ նկատի ունենալով Աբխազիա-Վրաստան հարաբերությունները։ «Աբխազիան կլինի ինքնավար հանրապետություն (Վրաստանի կազմում)՝ լեզվի, մշակույթի և մեր յուրահատկության երաշխիքներով»։ Այնուհետև նա շարունակում է գովաբանել կրթության, բժշկության և տնտեսական զարգացման ձեռքբերումները, որոնք Աբխազիան կունենար որպես Վրաստանի բաղկացուցիչ մաս։

Աբխազիայում անկախության մերժման կոչը քրեական հանցագործություն է, Աբխազիայի ինքնիշխանությունը պաշտպանված է սահմանադրությամբ։ TikTok-ում հրապարակված մեկ այլ տեսանյութում Բուավան դատապարտում է իր դեմ ուղղված մեղադրանքները, դրանք անվանելով «սուտ և սադրանք»:

«Իմ աշխատանքն ուղղված է բացառապես խաղաղությանն ու մեր ժողովուրդների միջև երկխոսությանը»,- ասում է նա։

Վերջին տարիներին ոչ միայն Աբխազիայի՝ Վրաստանին միանալու կոչերն են առաջացրել աբխազների վրդովմունքը․ ռուս քաղաքական գործիչների կողմից Ռուսաստանի Դաշնության կողմից կլանվելու մասին հայտարարությունները նույնպես լայնածավալ դատապարտման առիթ են դարձել:

Աբխազիայի քաղաքացիները, որոնք նաև ստացել են Վրաստանի քաղաքացիություն, վաղուց էին կասկածվում Սուխումիի իշխանությունների կողմից։ Իսկ վերջին շրջանում հատկապես մեծ ուշադրության է արժանանում Աբխազիայից դուրս գտնվող կազմակերպությունների և կառավարությունների հետ ցանկացած համագործակցություն (Ռուսաստանը կարևոր բացառություն է):

Ապրիլի վերջին Աբխազիայի արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հետ համատեղ մամուլի ասուլիսում նախազգուշացրել էր Վրաստանի և Ուկրաինայի կողմից Աբխազիայի դեմ ուղղված «սադրանքների» մասին։

Ապրիլի սկզբին Աբխազիան արգելել էր բոլոր նախաձեռնությունները, որոնք ներառում էին աբխազների և վրացիների չեզոք տարածքում հանդիպումներ, քանի որ դրանք աշխատում էին հօգուտ «Վրաստանի շահերի»:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել