Իններորդ դասարանի պատմության դասագրքի մասին տեղեկությունը կեղծ է

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցցանցերում և լրատվամիջոցներում հունիսի 8-ին լուսանկար է տարածվել «9-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի 2-րդ մասում աղավաղված տեղեկություն է գրված Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վերաբերյալ» վերտառությամբ։

Ըստ լուսանկարն ուղեկցող տեղեկության՝ այն իբր արված է 9-րդ դասարանի «Հայոց պատմության» դպրոցական դասագրքից, որում նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում են ընտրակեղծարարության մեջ, իսկ 2018-ի թավշա հեղափոխությունը որակվում է որպես «հայ ժողովրդի աստեղային ժամ»:

Տարածվող լուսանկարը, որը ներկայացվում է որպես դասագրքից հատված

Տեղեկությունը տարածել են armday.am, 168.am, henaran.am լրատվական կայքերը, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պաշտոնական կայքը, ինչպես նաև blognews.am-ը և մի շարք սունկ կայքեր։

Տեղեկության սկզբնաղբյուրը ՀՀԿ խորհրդի անդամ, «Դիմադրություն» շարժման մասնակից Տիգրան Վարդանյանն է։

Վերջինս ուղղակիորեն կրկնել է դեռ երկու տարի առաջ տարածված կեղծ պնդումը, երբ նույնանման լուսանկարում պատկերվածը ներկայացվում էր որպես պատմության ավարտական քննությունների պաշտոնական հարցաշար։

Դեռ 2020-ի հունվարին «Փաստերի ստուգման հարթակ»-ը անդրադարձել էր տարածվող տեղեկությանը և պարզել, որ իրականում ձեռնարկը գրել էր մասնավոր մի անձ, և այն երաշխավորված չէ ԿԳՄՍ նախարարության կողմից։

Fip.am-ը նաև խոսել էր «Հայոց պատմության ավարտական քննության հարցաշարի պատասխաններ IX-րդ դասարան» ձեռնարկի հեղինակ Գայանե Օհանյանի հետ, որը հայտնել էր, թե նախկին երկու նախագահների կողմից ընտրակեղծիքների մասին ձևակերպումը իր անձնական կարծիքն է և նշել, որ ԿԳՄՍՆ-ի կողմից այն հաստատված չէ։

«Հայոց Պատմություն. Նորագույն շրջան» 9-րդ դասարանի համար նախատեսված դասագրքում իրոք ներկայացված են Հայաստանի նորագույն պատմության քաղաքական իրադարձությունները, սակայն դրանում բացակայում են նմանատիպ ձևակերպումներ և ընտրակեղծիքների մասին գնահատականներ:

Հատված «Հայոց Պատմություն. Նորագույն շրջան» դասագրքից

Այսպիսով փաստենք, որ տարածվող տեղեկությունը, թե իբր 9-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքում աղավաղված տեղեկություն է գրված Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վերաբերյալ, կեղծ է։ Իրականում լուսանկարում պատկերվածը նախարարության կողմից չերաշխավորված հարցաշար է, որը կազմվել և տպագրվել է մասնավոր անձի կողմից։

Մեկնաբանել