ԱԱԾ-ն բերման է ենթարկել «Երկիր մեդիայի» տնօրեն Բագրատ Եսայանին

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները բերման են ենթարկել։ Այդ մասին տեղեկանում ենք հեռուստաընկերությունից։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան տարել են Նալբանդյան փողոցում գտնվող ԱԱԾ մեկուսարան։ Նրա փաստաբանը Վահե Եփրիկյանն է»,- հայտնում է աղբյուրը։

Նրա փաստաբան Վահե Եփրիկյանը հայտնել է, որ քրեական հետապնդումն իրականացվում է զանգվածային անկարգության ու լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հոդվածներով։

«Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ՀՀ քր. օր.-ի 38-225 -րդ հոդվածի 2-րդ մասով և 164-րդ հոդվածի 1-ին մասով, վերջինս ներկա պահին ձերբակալված է ու իր նկատմամբ հավանաբար այսօր ներկայացվելու է կալանքի միջնորդություն։Կանխավ ցանկանում եմ նշել, որ վերոհիշյալ մեղադրանքի իմաստով պարոն Եսայանը որևէ արարք չի կատարել, ավելին` դեպքից անցել է շուրջ մեկ տարի ութ ամիս և հենց այժմ նրան մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը բացառապես պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ»,- գրել է փաստաբանը։