ՔՊ-ականները պարզաբանումներ են պահանջում Հաշվեքննիչ պալատից՝ կորոնավիրուսի ծախսերի հաշվեքննության համար 

Խորհրդարանում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները պարզաբանումներ են պահանջել Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանից՝ կորոնավիրուսի ծախսերի վերաբերյալ պալատի իրականացրած հաշվեքննության վերաբերյալ։

Անցյալ ամիս Հաշվեքննիչ պալատը հանդես էր եկել կորոնավիրուսի համար հատկացված ծախսերի աղմկոտ հաշվեքննությամբ։ Դրանով պարզվել էր, որ կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում առանց ծախսային հիմնավորումների ու հաշվետվությունների գումարների վերաբաշխումներ են եղել, որոշ դեպքերում պացիենտի բուժման ծախսերը եղել են ուռճացված, գնումները հիմնականում իրականացվել են մեկ անձից գնման ընթացակարգով և այլն, տարբեր բժշկական կենտրոններում էլ ծախսերը իրականացվել են խեղաթյուրումներով։

Կորոնավիրուսի ընթացքում առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցրած Արսեն Թորոսյանը, գործող նախարար Անահիտ Ավանեսյանն ու Քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Գևորգ Պապոյանը հունիսի 10-ին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում պարզաբանումներ են պահանջել Հաշվեքննիչ պալատի նախագահ Ջանջուղազյանից՝ հաշվեքննության համար։

Պապոյանն, օրինակ, հարց է հնչեցրել, թե մի՞թե դրական բաներ չեն եղել կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում, որ արժանի էր ներառվելու հաշվեքննության մեջ։ Արսեն Թորոսյանն էլ նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը միջգերատեսչական գործողություններ է ենթադրել, ապա հարց հնչեցրել՝ ինչո՞ւ ստուգումներ չեն եղել վարչապետի աշխատակազմում ու մյուս մարմիններում, և եթե տեղեկատվության էական պակաս է ունեցել Հաշվեքննիչ պալատը հաշվեքննություն իրականացնելիս, ինչպե՞ս է այն ավարտել։

Ջանջուղազյանը նախ թվարկել է այն մարմինները, որտեղ հաշվեքննություն է ընթացել, ինչին ի պատասխան Արսեն Թորոսյանը կրկնել է՝ ստուգումներ եղե՞լ են վարչապետի աշխատակազմում։

Քննարկմանը ներկա էր նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենը, որն իր կարծիքն է հայտնել հաշվեքննության վերաբերյալ, ինչը բարկացրեց Ջանջուղազյանին. «Մեր երկրում ինչ-որ բա՞ն է փոխվել, կարգավորումներ են վերանայվել, որ հանրային միջոցներով այլևս ընկերություններն ե՞ն զբաղվում։ Այսինքն քաղաքականություն իրականացնող մարմին է դարձել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն։ Հաշվեքննությանը չի կարող պատասխանել մի մարմին, որ հաշվեքննության օբյեկտ չի հանդիսացել»,- հայտարարել է Հաշվեքննիչ պալատի նախագահը։

Արսեն Թորոսյանը հարց է բարձրացրել՝ հաշվեքննությունը համակարգած անձն ինչո՞ւ ներկա չէ քննարկմանը. «Կարող է՝ մոլորվել է Ֆրանսիայի հրապարակում, եթե չի մոլորվել, այստեղ պիտի լիներ», ինչին Ջանջուղազյանը պատասխանել է՝ պալատը կոլեգիալ մարմին է, ու հաշվեքննության եզրակացությունը հաստատվել է հենց պալատի կողմից։