Ադրբեջանցի ակտիվիստները ծրագրում են Բաքվում առաջին ԼԳԲՏ շքերթն անցկացնել

Իսմի Աղաև, OC Media

Ադրբեջանում ԼԳԲՏՔ+ իրավունքների ակտիվիստները հայտարարել են, որ ծրագրում են երկրի պատմության մեջ առաջին անգամ միջոցառումներ անցկացնել այս հունիսին՝ նշելու Շքերթի ամիսը (Pride month):

«Մենք համատեղ սկսել ենք այս նախաձեռնությունը, որպեսզի ձայնը լինենք բոլոր նրանց, որոնք խնդիրների են առերեսվում, հայտնվում հասարակության և կառավարության սպառնալիքիների առջև, և որոնց իրավունքները ոտնահարվում են»,- հինգշաբթի Բաքվում կայացած ասուլիսին ասել է ֆեմինիստ ակտիվիստ Ռաբիա Մամեդովան։ Միջոցառումը կազմակերպել են նաև ԼԳԲՏՔ+ իրավունքների պաշտպաններ Ջավիդ Նաբիևը և Ալի Մալիքովը:

«Մենք կարծում էինք, որ Շքերթի ամիսը, որն ամեն տարի նշվում է ամբողջ աշխարհում, պետք է նշվի նաև Ադրբեջանում. մենք դրա համար լավ պատճառներ ունենք»,- ասել է Մալիքովը OC Media-ին: «ԼԳԲՏՔ+ համայնքին սպառնում է և՛ հասարակությունը, և՛ պետությունը։ Հաշվի առնելով առկա սպառնալիքները՝ ԼԳԲՏՔ+ համայնքն այժմ պետք է իր տեղը գտնի հասարակության մեջ»:

Մամեդովան OC Media-ին ասել է, որ իրադարձությունների ճշգրիտ ձևաչափն ու ժամկետները դեռ որոշվում են։

«Ադրբեջանի նման երկրում շատ վտանգավոր է իրադարձությունները նախօրոք ծրագրելն ու դրանց մասին հայտարարելը, ուստի մեր քննարկումները դեռ շարունակվում են։ Սա մեր առաջին քայլն է, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այն լինի շարունակական», – ասել է նա:

Ասուլիսի ընթացքում ակտիվիստները քննարկել են Ադրբեջանում ԼԳԲՏՔ+ անձանց, այդ թվում՝ կառավարության և հասարակության կողմից բխող խնդիրները։ Նրանք օրինակներ են բերել, այդ թվում՝ ազգականի կողմից լրագրող և ԼԳԲՏՔ+ ակտիվիստ Ավազ Հաֆիզլիի սպանությունը, ինչպես նաև տրանսգենդեր կանանց սպանությունը:

Ջավիդ Նաբիևը OC Media-ին ասել է, որ վերջին անգամ ԼԳԲՏՔ+ ակտիվիստները հավաքվել էին մամուլի հետ բաց խոսելու 2014-ին՝ Իսա Շահմարլիի մահից հետո:

Իսա Շահմարլին Ազադ ԼԳԲՏ-ի ղեկավարն էր, որը ԼԳԲՏՔ+ իրավունքների պաշտպանության կազմակերպություն է:

Շահմարլին՝ Ադրբեջանում ԼԳԲՏՔ+ իրավունքների բացահայտ ջատագովը, ինքնասպան է եղել ընդամենը 20 տարեկանում՝ վկայակոչելով այն ճնշումը, որին ենթարկվել է իր սեռական կողմնորոշման պատճառով:

«Այսօրվա աշխարհում, միջազգային ասպարեզում, որտեղ մարդու իրավունքները առաջնային են, ժամանակն է, որ Ադրբեջանում ԼԳԲՏՔ+ անձինք իրենց խնդիրներն ու գործունեությունը ներկայացնեն հանրությանը։ Այդ հարցում մենք նույնիսկ ուշացել ենք»,- ասել է Նաբիևը։