Ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հեռացրել է Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը

Ստեփանակերտ Ստեփանակերտի համայնապատկերը։ Լուսանկարը՝ Կարեն Հարությունյանի։

Ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունն իր կայքից հեռացրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը, որը հրապարակվել էր հունիսի 3-ին։

Հարցազրույցի հրապարակումը մեծ դժգոհություն է հարուցել Ադրբեջանում, ինչի արդյունքում հաջորդ օրը՝ հունիսի 4-ին, ռուսական կայքը արգելափակվել է Ադրբեջանի տարածքում։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան ասել է, թե «ՌԻԱ Նովոստի»-ն, իբր, տարածել է «զրպարտող տեղեկատվություն», որը խթանում է «անջատողական միտումները», խախտելով տեղեկատվության մասին ադրբեջանական օրենսդրությունը, ինչի հիմքով էլ կայքը արգելափակվել է երկրի տարածքում։

«Տեսանելի ապագայում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորումն անհնար է թվում, քանի որ Արցախի և Ադրբեջանի դիրքորոշումներում առկա են լուրջ հակասություններ, որոնք տրամագծորեն հակառակ են»,-ասել էր Բեգլարյանը «ՌԻԱ Նովոստի»-ն տված հարցազրույցում։

Կայքից հեռացվել են նաև Բեգլարյանի հարցազրույցից առանձնացված կարճ հոդվածները։
Նշենք, որ հարցազրույցն ամբողջությամբ պահպանվել է արխիվացնող ծառայություններում։

Մեկնաբանել