Վրաստանի նախագահը խոստանում է «պաշտպանել երկրի եվրոպական ապագան»

Սալոմե Զուրաբիշվիլի

OC Media

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խոստացել է վերադառնալ արտասահմանյան ուղևորությունից՝ պաշտպանելու իր երկրի «եվրոպական ապագան»։ Ավելի վաղ նա ասել էր, որ կառավարությունը թույլ չի տվել իրեն այցելել եվրոպական մայրաքաղաքներ, այդ թվում՝ Կիև։

Այս մեկնաբանությունները հնչում են այն ժամանակ, երբ Վրաստանի կառավարությունն արժանանում է Արևմուտքի կողմից աճող ճնշմանը ժողովրդավարական հետընթացի պատճառով, այդ թվում մամուլի ազատության վրա հարձակումների մասով:

Ուրբաթ Բրյուսելում ակնհայտորեն հանպատրաստից մամուլի ճեպազրույցում Զուրաբիշվիլին պնդել է, որ մտադիր էր այցելել Ֆրանսիա, Լեհաստան և Ուկրաինա:

«Ես ուզում էի գնալ Ֆրանսիա, Լեհաստան և, հնարավոր է, նույնիսկ Ուկրաինա, մի երկիր, որի հետ մենք այստեղ ենք, և որին պետք է երախտապարտ լինենք, քանի որ առանց դրա չէր լինի արագացված գործընթաց [ԵՄ-ին անդամակցելու], բայց ես ստացա ևս մեկ մերժում այս ուղևորությունների համար»:

Վրաստանը, ինչպես և Մոլդովան ու Ուկրաինան, պաշտոնական հայտ է ներկայացրել ԵՄ-ին անդամակցելու համար՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո։ Երեք երկրներին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ որոշումը սպասվում է այս ամսվա վերջին:

Զուրաբիշվիլին նաև ասել է, որ իր սահմանադրական պարտականությունն է նպաստել Վրաստանի առաջխաղացմանը դեպի ԵՄ․ «Սա այն բանը չէ, որտեղ ես միայնակ կարող եմ հակազդել ողջ կառավարության անգործության վրա»։

«Ես վստահ եմ, որ Վրաստանի համար այլ ապագա, քան եվրոպականը, չկա։ Ես չեմ հավատում, որ մենք այս գործընթացում առաջխաղացման ընթացքում պետք է մեզ զոհաբերենք ինչ-որ մեկին՝ ո՛չ Սաակաշվիլիին, ո՛չ Գվարամիային, ո՛չ Բիձինա Իվանիշվիլիին։ Ոչինչ չպետք է խանգարի մեզ պաշտպանել մեր երեխաների ապագան։ Դրա համար ես վերադառնում եմ Վրաստան և այնտեղ կպաշտպանեմ այս ապագան»։

Ուրբաթ երեկոյան իր ելույթում նախագահը քննադատել է նաև իշխող կուսակցությանը հինգշաբթի Եվրախորհրդարանի ընդունած խիստ բանաձևի համար, և, «որ ավելի ցավալի է»՝ բանաձևին կառավարության արձագանքի համար, որը, ըստ Զուրաբիշվիլիի, փակել է արդյունավետ կերպով իր երկրի ԵՄ թեկնածությունն «այստեղ պաշտպանելու» հնարավորությունը։

Բանաձևը քննադատում է Վրաստանի իշխանություններին լրատվամիջոցների ազատության անկման, ինստիտուցիոնալ բարեփոխումների բացակայության և անցյալ ամառ Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների կազմակերպիչներին պատժելու ձախողման համար: Այն նաև կոչ է արել ԵՄ-ին դիտարկել «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: (Տե՛ս՝ Եվրախորհրդարանը կոչ է անում դիտարկել Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը):

Կառավարությունը հանդուգն է արձագանքել․ իշխող կուսակցության անդամներն ու համակիրները նույնիսկ կասկածի տակ են դնում Վրաստանի ԵՄ անդամակցության ձգտումները:

Լարվածության աճ նախագահի և կառավարության միջև

Զուրաբիշվիլիի մեկնաբանությունները վկայում են աճող հակասության մասին նրա և իշխող կուսակցության միջև, որը աջակցում էր նրա ընտրությանը 2018-ի նոյեմբերին:

Այդ լարվածությունը շարունակեց սրվել Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինային Վրաստանի ցուցաբերած գաղջ աջակցությունից հետո:

Վրաստանի կառավարությունը առերեսվեց ընդդիմադիր խմբավորումների քննադատությանը այն բանի համար, որ պատերազմի բռնկման պահից ի վեր չեն այցելել Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին:

Ապրիլի կեսերին վրացի օրենսդիրներն այցելեցին պատերազմից ավերված ուկրաինական քաղաքներ՝ որոշ տատանումից և երկար բանավեճերից հետո, երբ Վրաստանի կառավարությունը հանդիմանում էր Ուկրաինայի իշխանությունների կողմից Վրաստանի «անհիմն» քննադատությանը:

Մարտի 14-ին խորհրդարանում ելույթ ունենալիս Զուրաբիշվիլին քննադատեց կառավարությանը, որ իրեն թույլ չեն տվել պաշտոնական այցեր կատարել եվրոպական մայրաքաղաքներ՝ քննարկելու Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա:

Նա ասաց, որ կառավարությունը ներխուժումից երկու օր անց՝ փետրվարի 26-ին, մերժել է իր աշխատանքային այցերը Փարիզ, Բրյուսել, Բեռլին և Վարշավա:

Զուրաբիշվիլին ասել է, որ իրեն դեռ հաջողվել է հանդիպումներ անցկացնել՝ օգտագործելով «անձնական շփումները» պաշտոնեական լիազորություններից դուրս:

Վրաստանի կառավարությունն արագ է արձագանքել՝ դիմելով Սահմանադրական դատարան՝ կապված Զուրաբիշվիլիի՝ արտերկրում Վրաստանի դեսպաններին հաստատելու նրա ենթադրյալ մերժման հետ։ Մեկնաբանները դա համարում են հաշվեհարդար նախագահի դեմ:

Մեկնաբանել