Սևանը նորից կանաչում է․ մաքրման կայանները դեռ չկան՝ չնայած կառավարության խոստմանը

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Շուրջ երեք տարի է, ինչ կառավարությունը չի կարողանում կազմակերպել Մարտունի, Գավառ և Վարդենիս քաղաքներից դեպի Սևան հոսող կեղտաջրերի գետերի վրա կենսաբանական մաքրման կայանների կառուցումը։

Սևանի ավազանի բնակավայրերի կեղտաջրերի մեծ մասը թափվում է լիճը և նպաստում լճի ծաղկմանը և ճահճացմանը։ Վերջին տարիներին՝ սկսած 2018-ից, ավելի քան կես դար դադարից հետո Սևանում նկատվել է ծաղկման գործընթաց։ Այս տարի ևս դրա նշաններն արդեն երևում են։

Դեռ 2019-ի հուլիսին վարչապետի աշխատակազմը Տարածքային կառավարման նախարարությանը հանձնարարել էր կազմել Մարտունի, Գավառ և Վարդենիս քաղաքներից հոսող կեղտաջրերի գետերի վրա կենսաբանական մաքրման կայանների նախագծանախահաշվային հաշվարկը։

Կառավարության որոշմամբ այն ընդգրկվել էր 2020-ի Սևանի էկոհամակարգի վերականգnման միջոցառումների մեջ։ Սակայն 2021-ի տարեսկզբին Fip.am-ը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացել էր, որ այդ երեք քաղաքների կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններում կենսաբանական մաքրման կառուցվածքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը և կայանների նախագծումը կիրականացվի համապատասխան ֆինանսավորման առկայության պարագայում։ Այսինքն՝ գումար չէր գտնվել անգամ նախնական փուլի համար։

Կրկին հետաձգվում է

ՏԿԵ նախարարությանը տված հանձրարարականից անցել է գրեթե երեք տարի, սակայն կառավարությունն այդպես էլ գումար չի տրամադրում ծրագրի համար։ Այն հետաձգվել է առնվազն 2-4 տարով։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմի՝ #CivilnetCheck-ի հարցմանն ի պատասխան նախարարությունից հայտնեցին, որ Գավառից, Մարտունիից և Վարդենիսից հոսող կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների կառուցումը նախատեսվում է 2024-2026 թթ.։

Այս անգամ այն ներառվել է 2021-ի նոյեմբերին հաստատված կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրում։ Երեք քաղաքներում կեղտաջրերի մաքրման գործող կայաններից արտանետվող կեղտաջրերի ամբողջական մաքրումից բացի, ծրագիրը ընդգրկում է նաև տարածաշրջանի գյուղական բնակավայրերի կոյուղացման և տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից կեղտաջրերի մաքրման լոկալ կայանների և սարքավորումների տեղադրումը։

Միաժամանակ, ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Եվրամիության և Գերմանիայի ֆինանսավորմամբ՝ «EU4Sevan» ծրագրի շրջանակում երեք քաղաքներից մեկում պիլոտային ծրագրով նախատեսվում է կառուցել կենսաբանական մաքրման ու տիղմի մշակման կառույցներ։ Սրա շրջանակում արդեն իրականացվել է նախնական տեխնիկատնտեսական վերլուծություն:

Մեկնաբանել