Մահացել է Ռաֆայել Քոթանջյանը

Մահացել է ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է 1942թ. սեպտեմբերի 9-ին, Թբիլիսիում: 1946թ. տեղափոխվել է Երևան:

1964թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1968-70թթ սովորել է Մոսկվայի հեռուստատեսային ռեժիսուրայի բարձրագույն դասընթացում:

1964-66թթ աշխատել է Զանգեզուրի Շիրվանզադեի անվան թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր: 1966-68թթ եղել է «Արշալույս» երիտասարդական թատրոնի դերասան: 1970-93թթ աշխատել է Երևանի Հ․ Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան և ռեժիսոր:

Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում, նկարահանվել է բազմաթիվ հայկական և արտասահմանյան ֆիլմերում` «Ադամանդե ձեռքը» (1968թ.), «Տղամարդիկ» (1972թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1977թ.), «Օտար խաղեր» (1986թ.), «Երեքի սրտերում» (1992թ.), «Ուրախ ուղևորություն» (1994թ.), «Ծովահենների կայսրությունը» (1994), «Մեր բակը» (1996թ.), «Կոմսուհի դը Մոնսորո» (1997թ.), «Ռոքսոլանա» (1998-2003թթ), «Կախարդի յոթերորդ մատանին» (1998թ.), «Սերը չար է» (1999թ.), «Մեր բակը 3» (2006թ.), «Պոպրիշչին» (2007թ.), «Մի նայիր հայելուն» (2009թ.), «11:41» (2015թ.) և այլն:

1980թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2003թ.` ժողովրդական արտիստի կոչման։