Մեղրին ու Ագարակը՝ գազ ստանալու հույսով

Երբևէ գազի երես չտեսած մեղրեցիներին և ագարակցիներին Հայաստանի անկախությունից ի վեր նախկին ու ներկա իշխանությունները շատ են խոստացել, որ գազը կհասնի իրենց քաղաքներ։ Առաջին անգամ նրանք հույսով լցվեցին 2007-ին, երբ Հայաստանի և Իրանի նախկին ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանն ու Մահմուդ Ահմադինեջադը պաշտոնապես բացեցին Իրան-Հայաստան գազատարի առաջին 40-կիլոմետրանոց հատվածը։ Գազամուղի խորհրդանշական ջահ գազը մտավ, իսկ Հայաստանի խոշոր երկու քաղաքներ՝ ոչ։

«Բերեցին սահմանի վրա, բալոն դրեցին, լենտ կտրեցին, ծափահարան-գնացին, էլ գազի երես չենք տեսել»,- հիշում է Մեղրիի բնակիչ Պապ Օհանյանը։

Ներկայում Մեղրի և Ագարակ քաղաքներում անցկացված են գազասպասարկման խողովակներ՝ Իրանի աջակցությամբ։ Դեռևս 2011-ին հարևան երկրի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որի շրջանակում Իրանի կառավարությունը համաձայնել էր տրամադրել 2 մլն ԱՄՆ դոլար՝ որպես դրամաշնորհ, Իրանի հետ սահմանամերձ բնակավայրերի գազի բաշխման ցանցի կառուցման ծրագրի իրականացման համար: Հետագայում ծրագրի իրականացումն ընդհատվել էր՝ իրանական կողմից ֆինանսավորման դադարեցման պատճառով և վերսկսվել 2015-ի տարեվերջին։

Սյունիքի մարզպետարանից ՍիվիլՆեթին հայտնել են, որ 2016-ին Իրանի տրամադրած 1 միլոն դոլարով իրականացվել էր գազի բաշխիչ ցանցերի կառուցում, մասնակիորեն կառուցվել են նաև տարբեր ճնշման գազատարներ։ Հաջորդ երեք տարիներին ոչինչ չի իրականացվել։ Միայն 2020-ին իրականացվել են նախագծային և շինարարական աշխատանքներ երկու քաղաքներում և Լեհվազ գյուղի գազաֆիկացման ուղղությամբ, որոնք շարունակվում են առ այսօր։

«Ամոթ է, Իրանի ջանքերով այդ ցանցը կառուցվեց, իսկ պետությունը տարիներ շարունակ չի կարողանում գազ մատակարարել Մեղրիին ու Ագարակին»,- ասում է Մեղրիի բնակիչ Ժորա Միրզոյանը։

«Մեղրիում ու Ագարակում շուտով գազ կլինի» վերտառությամբ նյութեր այդ քաղաքի բնակիչները պարբերաբար կարդում են։ Իշխանությունները գազ էին խոստանում 2016-ին, 2019-ին, 2020-ին, ինչպես նաև 2022-ին։ Վերջին խոստումը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին էր։ Մայիսի 25-ին Ազգային ժողովում նա հայտարարեց, որ 2017-ին Մեղրին՝ շուրջ 90, իսկ Ագարակը՝ 10 տոկոսով գազաֆիկացվել է, այսինքն՝ անցկացվել է ցանց, բայց գազ չի միացվել։

Սանոսյանի խոսքով՝ կառավարությունը, տեսնելով, որ խնդիրը չի լուծվում, իրականացրել է շուրջ 280 մլն դրամի ծրագիր․ այն ավարտվել է 2021-ի հոկտեմբերին։ Բայց աշխատանք դեռ մնացել է, այն կավարտվի, ըստ նախարարի, կարճ ժամանակահատվածում։

«Մինչև աշուն Մեղրիի, Ագարակի և Լեհվազի մեր բնակիչները բոլորը կունենան գազ»,- հայտարարեց նախարարը։

Այսպիսով՝ իշխանությունը հերթական անգամ խոստանում է, որ Մեղրիի և Ագարակի բնակիչները 2022-ի աշնանը կունենան գազ։ Արդյոք այս խոստումը կվերածվի հերթական վերնագրի՞ լրատվականների էջերում, ինչպես եղավ նախկին խոստումների դեպքում, պարզ կդառնա ընդամենը մի քանի ամսից։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել