Եթե ԿԲ-ն դրամն արհեստականորեն արժեզրկի, Հայաստանը կբախվի գնաճի նոր ալիքի, ասում է բանկի նախագահը

մարտին գալստյան - martin galstyan- կբ նախագահ

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հունիսի 13-ին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում անդրադարձել է փոխարժեքի շուկայում նկատվող զարգացումներին։

Ըստ նրա՝ եթե ԿԲ-ն իր մանդատին դեմ գնա, շուկա մտնի ու դրամն արհեստականորեն արժեզրկի, ապա Հայաստանը կբախվի գնաճի ևս մեկ ալիքի հետ։ Գալստյանի խոսքով՝ կենտրոնական բանկն որևէ ազդեցություն չունի փոխարժեքի ձևավորման վրա, այն ձևավորվում է շուկայում ազատ առաջարկի և պահանջարկի հիման վրա:

ԿԲ-ն ազդեցություն կարող էր ունենալ միայն այն դեպքում, երբ արտարժույթ վաճառեր, սակայն տարվա ընթացքում արել է հակառակը՝ մոտ 100 մլն դոլարին համարժեք արտարժույթ է ձեռք բերել շուկայից․ «Մենք ինտերվենցիաներ արել ենք միայն այն դեպքում, երբ շուկայում նկատել ենք որոշակի շուկայական մեխանիզմների խեղաթյուրումներ»,- ասել է Գալստյանը, փոխանցում է «Արմենպրեսը»։

ԿԲ նախագահը նշում է, որ նման իրավիճակներում շատ կարևոր է սեկտորային քաղաքականությունների իրականցումը․ «Կան սեկտորներ, որոնք ստեղծված իրավիճակում տուժում են կամ որոշակիորեն մրցունակության անկում ունեն, այդ սեկտորներին պետք է տրվի օժանդակություն: Դա կարող է լինել կառավարության կողմից որոշակի քաղաքականության ներքո»։

Հարցին, թե ինչու ստեղծված փոխարժեքի պարագայում, երբ դրամն արժևորվել է, գները չեն ճշգրտվում՝ ԿԲ նախագահը պատասխանել է, որ երկու գործոն կա: Ապրանքների միջազգային գները կտրուկ բարձրացել են, օրինակ, պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով, ցորենը գտնվում է պատմական մաքսիմումի վրա: Առաջին անհրաժեշտության ապրանքների համար կա միջազգային գների շատ մեծ աճ: Երկրորդ խնդիրն այն է, որ արտահանողները տրանսպորտային խնդիրներ են ունենում․ «Իրենց համար փոխարժեքը չէ առաջնային խնդիրը, այլ Լարսի տարողունակության կամ տրանսպորտային ծախսերի ընդհանուր ավելացման խնդիրը»,- ասել է նա։

Գալստյանի գնահատմամբ՝ աշխարհաքաղաքական իրադարձություները հաշվի առնելով՝ մոտակա ամիսներին դեռևս գնաճային միջավայրը շարունակվելու է․ «Բայց մեր կանխատեսումների համաձայն՝ այս պահին եղած 9 տոկոս գնաճը, միգուցե, մոտակա մի քանի ամսվա ընթացքում կարող է ևս որոշակի բարձրացման միտումներ ցուցաբերել, բայց, եթե որևէ նոր արտասովոր բան տեղի չունենա, տարվա վերջին այս պահի դրությամբ ունեցած գնաճից ավելի ցածր գնաճ կունենանք»:

Փոխարժեքի շուկայում տեղի ունեցող զարգացումների մասին Ազգային ժողովում խոսել է նաև ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը․ «Բացարձակ թվով չեմ կարող ասել, դա կախված է, թե այս տարին ինչպես կփակենք։ Բայց յուրաքանչյուր մեկ տոկոսային կետով նախապես պատկերացրած փոխարժեքի նկատմամբ ավելի ցածր փոխարժեքը տարվա կտրվածքով մոտ 700 մլն դրամի խնայողություն կբերի»։

Խաչատրյանի տեղեկացմամբ՝ 2021-ին արտաքին պարտքի տոկոսավճարները կազմել են 72,5 մլրդ դրամ։

Կարդացեք նաև՝ Դրամի ինքնավստահության և դոլարի հնարավոր ռևանշի շուրջ