Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Կատարի էմիրը ընդգծել է, որ կատարական կողմը շահագրգիռ է զարգացնել ու ամրապնդել երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում:
«Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ այս այցը նոր ազդակ կհաղորդի հայ-կատարական համագործակցությանը, այդ թվում` տնտեսության և հումանիտար ոլորտներում: Հայաստանի վարչապետն ու Կատարի էմիրն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման երկուստեք պատրաստակամությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Հայաստանի վարչապետն ու Կատարի էմիրը կարևորել են հարաբերությունների զարգացումը հատկապես տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում։
«Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում ձևավորված գործարար միջավայրին և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում նպաստել Կատարի ընկերությունների կողմից հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացմանը: Զրուցակիցները վստահություն են հայտնել, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցն ու օրակարգով նախատեսված հանդիպումները կնպաստեն ներդրումների և առևտրաշրջանառության ոլորտներում կապերի ընդլայնմանն ու խորացմանը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Փաշինյանը Կատարի էմիրին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է: