Հավատա՞լ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքին, թե՞ ոչ. մեկնաբանում է Կարեն Անդրեասյանը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու ընդդիմության որոշման մեջ ճշմարտությունը չբացահայտելու միտում է տեսնում:

«Քննիչ հանձնաժողովի ձևավորումն ընդունված բան է, ընդ որում, դա հայկական քաղաքական միտքը չի ծնել: Խորհրդարանում մեծամասնությունը փոքրամասնության հետ կազմում է միջկուսակցական մի մարմին, որն անում է կարևոր բնույթի քննություններ: Ի սկզբանե բոյկոտել այս ամենը բերում է նրան, որ մեր իշխանությունն ասում է` չեք ուզում բացահայտվի ճշմարտությունը: Գայիք, մասնակցեիք ու ապացուցեիք», – նշում է նախարարը ՍիվիլՆեթի հետ զրույցում:

Հարցին՝ որքանո՞վ է ճիշտ քաղաքական լարված իրավիճակում պատերազմի հանգամանքների բացահայտման գործը դնել քաղաքական մարմնի վրա, որի աշխատանքներին չի մասնակցում խորհրդարանական ընդդիմությունը, նախարարը պատասխանեց. «Ես անկեղծ պետք է լինեմ: Ես իսկապես շատ դժվար եմ պատկերացնում՝ ինչպես եք դուք հավատալու այդ մարմնի (44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի) աշխատանքներին: Ես էլ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մաս եմ կազում, և երբ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում է, ինչպես բացատրես, որ դու ամենաազնիվ մղումներով ես աշխատում: Ճիշտ է, հրավիրել ենք ՀԿ-ների, արտախորհրդարանական ուժերի, գնացել, խնդրել ենք խորհրդարանական ընդդիմությանը, որ գան մասնակցեն, բայց չեն մասնակցում»,- զուգահեռ անցկացրեց նախարարը:

Նույնը, նրա խոսքով, կատարվել է պատերազմի հանգամանքներն ուսումնասաիրող քննիչ հանձնաժողովի հետ: «Այսինքն՝ կար շանս, որ նրանք այնտեղ լինեին, հարցեր ուղղեին, գործընթացը մասնակցային լիներ: Ես հասկանում եմ նաև այն տրամաբանությունը, որ ասում են՝ դե միևնույն է, մենք այնտեղ մեծամասնություն չենք: Այսինքն, եթե ամբողջը մերը չէ, չենք հավատում:

Պատկերացնենք մի տասը տարի հետո իշխանափոխություն է լինում, ու նրանք են վերցնում իշխանությունը: Հետո էլ այդ քննիչ հանձնաժողովին մենք չհավատանք, չմասնակցենք, քանի որ նրանք են այնտեղ մեծամասնություն: Եթե ուզում ենք ճշմարտություն բացահայտել, ի՞նչ պետք է անենք: Հրավիրենք Սլովակիայից, Սինգապուրից մասնագետներ, որ գան, եվրասիական անկախ մարմին ստեղծենք, որ դրսինները մեզ դատեն: Մեր պետական գաղտնիքը ո՞ւմ հանձնենք, որ մեզ դատի»,- հարցադրում արեց Անդրեասյանը:

Ազգային ժողովում փետրվարի 10-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել էր, որ «քննիչ հանձնաժողովը պետք է հարցեր տա և ստանա պատասխաններ․ բանակին առնչվող բազմաթիվ հարցեր կան»։