Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Արարատ Միրզոյանը և Ռումեն Ռադևն անդրադարձել են հայ-բուլղարական հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ պատրաստակամություն հայտնելով խորացնելու երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական, տրանսպորտի, զբոսաշրջության, կրթական ոլորտներում համագործակցությունը։ Զրուցակիցները համակարծիք էին, որ փոխայցելությունները, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներում, կնպաստեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առկա ներուժի լիարժեք իրացմանը: Կարևորվել է նաև Բուլղարիայի հայ համայնքի դերը՝ որպես երկու երկրներն իրար կապող կարևոր կամրջի»,- ասված է հաղորդագրությունում։
Միրզոյանն ու Ռադևն անդրադարձել են նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում միջազգային համագործակցության հեռանկարներին։ Նրանք կարևորել են «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ ինտենսիվ աշխատանքների իրականացումը:
Արարատ Միրզոյանը Բուլղարիայի նախագահին է ներկայացրել նաև հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:
«Երկուստեք շեշտվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։ Այս առումով նախարար Միրզոյանը ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերն` ուղղված ԼՂ հակամարտության տևական լուծմանը, և բարձր գնահատել Բուլղարիայի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ի թիվս այլ հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի՝ շեշտվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրեդադարձման, Արցախում հայկական կրոնական և պատմամշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի ԱԳ նախարարը Բուլղարիայի նախագահին է ներկայացրել նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը: