Դրամաշնորհներ՝ Հայաստանին․ ովքեր, երբ և որքան

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Հայ հանրության շրջանում օտարերկրյա դրամաշնորհների նկատմամբ կարծիքը միանշանակ չէ։ Սակայն տրամադրվող այդ գումարները նպաստում են երկրում մի շարք կարևոր ծրագրերի իրականացմանը և խնդիրների լուծմանը։

Համաձայն Ֆինանսների նախարարությունից ստացված տվյալների՝ Հայաստանը 2017-2021 թվականներին օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացել է շուրջ 104 մլրդ դրամի դրամաշնորհ։

Վերջին հինգ տարիներին ստացված դրամաշնորհների ավելի քան 51 տոկոսը (53,2 մլրդ դրամը) Հայաստանը ստացել է 2020-ին։ Մյուս տարիներին Հայաստանի ստացած դրամաշնորհների ծավալը տատանվել է տարեկան 11-15 մլրդ դրամի շրջանակում։

Հայաստանին դրամաշնորհներ տրամադրող երկրների և կազմակերպությունների շարքում բացարձակ առաջատարը Եվրամիությունն է։ Վերջին հինգ տարիներին ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է գրեթե 56 մլրդ դրամ կամ ընդհանուրի 54 տոկոսը։

Հավելյալ 7,6 մլրդ դրամ էլ տրամադրել են Եվրոպական ներդրումային բանկը (3 մլրդ), Գերմանիայի զարգացման վարկերի բանկը (3,8 մլրդ) և ԵՄ անդամ մի քանի երկրների կառավարություններ՝ Դանիա, Նիդերլանդներ, Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա, Բուլղարիա և Չեխիա։ Այսինքն՝ Եվրամիությունից, ԵՄ և Գերմանիայի պետական ներդրումային բանկերից և ԵՄ անդամ երկրներից է ստացվել 2017-2021թթ․ դրամաշնորհների 61 տոկոսը։

Ռուսաստանից նույն ժամանակահատվածում ստացվել է 13,3 մլրդ դրամի դրամաշնորհ (ընդհանուրի 13 տոկոսը), իսկ ԱՄՆ-ից՝ 4,4 մլրդ դրամի։

Միջազգային կազմակերպություններից ամենաշատ դրամաշնորհ տրամադրել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամը («Գլոբալ հիմնադրամ»)՝ 7,6 մլրդ դրամ և Համաշխարհային բանկը՝ 6,8 մլրդ դրամ։