ՍիվիլՆեթի պատասխանը տարածքային և ենթակառուցվածքների նախարարությանը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) պարզաբանում է տարածել՝ անդրադառնալով ՍիվիլՆեթի «Քո գրպանից՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ասֆալտապատման նոր պայմանագրերին» հաղորդմանը՝ պնդելով, թե դրանում «տեղ են գտել իրականությանը չհամապատասխանող եզրահանգումներ»։

Մինչդեռ, նախարարությունն ինքն է իր պարզաբանման մեջ խեղաթյուրել և հաղորդման մեջ տեղ գտած պնդումները։

ՍիվիլՆեթը «Քո գրպանից» հաղորդման շրջանակում պարզել էր, որ Ազգային ժողովի նախագահի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի ղեկավարած «Եվրոասֆալտ» ՍՊԸ-ն հաղթել է ՏԿԵՆ՝ ասֆալտապատման ծառայություններ ձեռք բերելու երկու խոշոր մրցույթում։

ՏԿԵՆ-ը պարզաբանում է, որ երկու պայմանագրերում նշված ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների գնման գործընթացներն իրականացվել են առանց ֆինանսական միջոցի, որի դեպքում մրցութային պայմաններին բավարարող մասնակիցների հետ անցկացվում են գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցություններ։

«Ընդ որում, բանակցություններին մասնակցում են բոլոր կազմակերպությունները միաժամանակ և կարող են ականատես լինել իրենց մրցակիցների գնային առաջարկներին՝ ներկայացնելով ավելի քիչ գումար»,- հայտնում է ՏԿԵՆ-ը։

ՍիվիլՆեթը պարզել էր, որ, օրինակ, մրցույթներից մեկում, որը վերաբերում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին, «Եվրոասֆալտը» հաղթել է հաջորդ՝ ավելի քիչ գումար ներկայացրած մասնակցին ընդամենը 500 000 դրամ պակաս գումար առաջարկելով։

ՏԿԵՆ-ը պնդում է, որ «Եվրոասֆալտը» ոչ թե 500 000 դրամ գնիջեցմամբ է հաղթող ճանաչվել, այլ «հրապարակային բանակցությունների արդյունքում 1 509 005 349 դրամ գնային առաջարկից ներկայացրել է մոտ 463 505 000 դրամ պակաս գումար»։

Սակայն մենք հաղորդման մեջ անդրադարձել ենք ոչ թե սկզբնական առաջարկից իջեցված գնին, այլ երկու մասնակիցների կողմից գնառաջարկների տարբերությանը։ Հաղորդման ընթացքում ՈՐՊԵՍ ՀԻՄՔ ենք ընդունել ստորև բերված գրաֆիկական տվյալները՝ առավել հասկանալի դարձնելու համար։

ՏԿԵՆ-ը փաստացի մեզ վերագրում և հակադարձում է մի պնդման, որը «Քո գրպանից» հաղորդումը չի արել։

Մեր ներկայացրած տվյալներն ամբողջությամբ վերցված էին Ֆինանսների նախարարության պետական գնումների համակարգից, և նյութը կազմվել է հենց այնտեղ առկա փաստաթղթերի հիման վրա։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հորդորում ենք չնենգափոխել «Քո գրպանից» հաղորդման բովանդակությունը։