ԿԲ նախագահը բացատրեց՝ ինչու են բանկերը սահմանափակել կանխիկ դոլարի տրամադրումը

Մարտին Գալստյան Լուսանկարում՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանի արտարժույթի կանխիկ և անկանխիկ շուկաներում հատկապես դոլարի փոխարժեքը սկսել է տարբերվել։ Դրանով պայմանավորված՝ շատ առևտրային բանկեր մերժում են անգամ իրենց հաճախորդներին դոլար տրամադրել: Անգամ արտարժույթով փոխանցումները վճարում են դրամով, ընդ որում, հրապարակված փոխարժեքից ցածր արժեքով: Նման զարգացումը հիշեցնում է Ռուսաստանի իրավիճակը, որտեղ կանխիկ և անկանխիկ դոլարի փոխարժեքների տարբերությունը երբեմն գերազանցում է 20 տոկոսը:

Հայաստանի ֆինասական համակարգում ստեղծված նոր իրավիճակը ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը բացատրում է Ռուսաստանի նկատմամբ կիրառված արևմտյան պատժամիջոցներով: Որպես հետևանք՝ արևմտյան ֆինանսական կառույցները սահմանափակել են կանխիկ դոլարի տրամադրումը Հայաստանին: ԿԲ նախագահը, սակայն, վստահեցնում է, որ անկանխիկի շրջանառության հետ կապված խնդիրներ չկան:

«Ոուսաստանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ առաջացել է մի իրավիճակ, որ կա կանխիկ արտարժույթի շուկա և անկանխիկ արտարժույթի շուկա: Անկանխիկ արտարժույթի շուկայում որևէ խնդիր չկա: Եթե դուք ունեք փոխանցում, որը ստացել եք անկանխիկ եղանակով, որը մուտք է եղել մեր առևտրային բանկի թղթակցային հաշվի վրա դոլարային տեսքով, նրանք այստեղ նույն գումարը կփոխանցեն ձեր արտարժութային դոլարային հաշվի վրա,- վստահեցրեց Մարտին Գալստյանը ԿԲ-ում հունիսի 14-ին կայացած ասուլիսի ժամանակ՝ ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան: – Խնդիրներն առաջանում են այն պահին, երբ արտասահմանից անկանխիկ փոխանցվածն այնտեղ մնում է անկանխիկ, իսկ այստեղ հաճախորդն ուզում է վերցնել որպես կանխիկ դոլար»:

Նշելով, որ աշխարհի շատ երկրներում միջազգային փոխանցումները ստանում են ազգային արժույթով, Գալստյանը նկատեց, որ Հայաստանում կանխիկ դոլարի հետ կախված որևէ խնդիր չի եղել, այդ իսկ պատճառով տվյալ հարցն իրեն զգացնել չի տվել:

«Հիմա ստեղծված իրավիճակում մեր գործընկեր բանկերը և Կենտրոնական բանկերը Հայաստանին ավելի դժկամությամբ են տալիս կանխիկ դոլար, քանի որ որոշակի տեսակետ կա, որ այն կարող է փոխանցվել ռուսական կողմին, ՌԴ քաղաքացիներին: Ուստի մեր հասանելիությունը կանխիկ դոլարի նկատմամբ նվազել է: Ու դրանով պայմանավորված՝ բանկերը ցուցաբերում են որոշակի վարքագիծ»,- ասաց ԿԲ նախագահը:

Ուկրաինայի դեմ պատերազմով պայմանավորված՝ ԱՄՆ-ը մարտի սկզբին ի թիվս այլ պատժամիջոցների՝ արգելեց կանխիկ դոլարի մատակարարումը Ռուսաստանին: Պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանի ֆինանսական շուկայում կանխիկ և անկանխիկ դոլարի փոխարժեքները սկսեցին էականորեն տարբերվել: Այդ տարբերությունը երբեմն գերազանցում է 20 տոկոսը: ԵԱՏՄ անդամ հանդիսացող Հայաստանի ֆինանսական համակարգը փաստորեն սկսել է կրել իր վրա այդ ազդեցությունը:

Համաձայն ֆինասական ծառայությունների պորտալ rate.am-ի տվյալների` բանկերում անկանխկ և կանխիկ դոլարի արժեքները տարբերվում են: Օրինակ` բանկերից մեկում հունիսի 14-ի դրությամբ, կանխիկ դոլարի առք ու վաճառքն իրականացվում է համապատասխանաբար 426 և 440 դրամով, անկանխիկի դեպքում նույն փոխարժեքը կազմում է 417 և 427 դրամ: ԿԲ նախագահն ընդունեց, որ փոխարժեքների տարբերությունը ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրադրության հետևանք է:

«Սա պայմանավորված է աշխարհաքաղաքական և Ռուսաստանում տիրող իրավիճակով: Ռուսական շուկայում ստեղծվել է մի իրավիճակ, որ անկանխիկն ու կանխիկն իրարից տարբեր են: Մենք չենք կարող անմասն մնալ այդ գործընթացներից»,- ասաց Մարտին Գալստյանը:

ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան՝ կանխիկ դոլարին Հայաստանի հասանելիության սահմանափակումն արդյոք նշանակո՞ւմ է ՀՀ ֆինասական իշխանությունների նկատմամբ անվստահության դրսևորում, Մարտին Գալստյանը խոսեց հակառակի մասին. «Չեմ կարծում, որ դա վստահության հարց է, քանի որ մեր ամերիկյան գործընկերների հետ շփումները հակառակի մասին են խոսում: Կա վստահության շատ բարձր մակարդակ: Ամեն դեպքում, խոսքը բացառապես կանխիկ դոլարի մասին է: Ըստ էության, դա նրանց քաղաքականությունն է, որ այս պահին պետք է սահմանափակվի կանխիկ արտարժույթի շրջանառությունը ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև ընդհանուր աշխարհում, որի մի մասը մենք ենք: Ուղղակի, հաշվի առնելով մեր փոխկապակցվածությունները, մեր նկատմամբ վերաբերմունքը նույնն է, ինչ մյուս փոխկապակցված երկրների նկատմամբ»:

Այնուամենայնիվ, Գալստյանի խոսքով, կանխիկ դոլարի պակաս Հայաստանում չկա, քանի որ արտասահմանյան այցելուների մեծ հոսքի հետ հանրապետություն է հոսում նաև կանխիկ արտարժույթ: «Նրանք արտարժույթի մի մասն իրենց հետ կանխիկ են բերում: Վերջին ամիսներին մենք ունենք Հայաստան մուտք եղած շատ մեծ քանակությամբ արտարժույթ, որի մի մասը ստեղծում է արտաքին պահանջարկը և արժևորում հայկական դրամը»,- ասաց նա:

Այս տարվա ապրիլ ամսին Հայաստան դրամական փոխանցումների ծավալը կազմել է 357 մլն դոլար, որը երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա ապրիլի ցուցանիշը: Մայիս ամսվա նախնական տվյալները ԿԲ ղեկավարությունը չներկայացրեց․ միայն վստահեցրեց, որ այնտեղ ևս արձանագրվել է «էական աճ»:

ՍիվիլՆեթի մյուս հարցին՝ ինչպե՞ս կանդրադառնա դոլարի փոխարժեքի վրա ԱՄՆ Դաշնային ռեզերվի (Federal Reserve System, ոչ պաշտոնական կրճատ անվանում՝ Fed) որոշումը բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ զուգահեռ դադարելով տնտեսություն ներարկել էժան փող, Գալստյանը պատասխանեց. «Մասնագետների կարծիքով՝ Դաշնային ռեզերվն ավելի ագրեսիվ է բարձրացնելու տոկոսադրույքը, ինչը կարող է և պետք է իր ազդեցությունն ունենա զարգացող երկրների ֆինանսական գործիքների վրա»:

Արշալույս Մղդեսյան