Ընդդիմությունը բացում է Ֆրանսիայի հրապարակը, անցնում ցանցային շարժման

«Ընդդիմությունը վաղվանից հավաքում է Ֆրանսիայի հրապարակի վրանները»,– «Դիմադրություն» շարժման հունիսի 14-ի հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը։

Վերջինիս խոսքով` «շարժման ներուժը մեծացնելու, նոր մոտեցումներ որդեգրելու, հարթակն ընդլայնելու, հստակ գործողություններ ծրագրելու նոր հանգրվանի առաջ են կանգնած, ուստի որոշել են վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքը և բովանդակությունը»։

«Անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը, ինչպես նաև ցանցային բնույթ հաղորդել` կյանքի կոչելով տարածքային միավորներ։ Սա ենթադրում է, որ շարժումն ունենալու է ենթակառուցվածքներ` կոմիտեներ»,– ասաց Սաղաթելյանը։ Նա շեշտեց, որ ընդդիմությունը կանգնած է մարտավարության փոփոխության անհրաժեշտության առաջ։

«Մեր ծրագրած քայլերն իրականացրել ենք ամբողջությամբ, սակայն այս իշխանությունների պահվածքն իր ազդեցությունն է թողել մեր ծրագրերի վրա։ Պետք է ասել` Փաշինյանին չընդունողների թիվն ավելի շատ է, քան հրապարակում կանգնածներինը, և մենք, այո, չենք կարողացել բոլորին դուրս բերել հրապարակ»,– հայտարարեց Սաղաթելյանը` հավելելով, որ կազմակերպական բնույթի թերացումներ ևս ունեցել են։

Նա ասաց, որ պայքարի արդյունքում «Լաոն զարթնեց», վերջնականապես փակվեց հարցը, թե Արցախի անվտանգությունը շատ քչերին է հուզում։

«Երկրի ներսում, արտաքին աշխարհի համար փաստվեց` իշխանությունը չունի մանդատ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու։ Մենք ապացուցեցինք, որ տեր ենք երկրին և ժողովրդի ընթացքը կասեցնել հնարավոր չէ։ Ժողովրդի 90 տոկոսը դեմ է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում. սա սոցիոլոգիական հարցման արդյունքներն են»,– ասաց Սաղաթելյանը։

«Դիմադրություն» շարժման առաջնորդներից մեկի խոսքով՝ շարժումն այս պահին «կանխեց նոր կապիտուլյացիա ստորագրելու հնարավորությունը», բացի այդ, շարժումը ոտքի հանեց արցախահայությանը և սփյուռքին։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը մայիսի 2-ից փակել էր Ֆրանսիայի հրապարակը։ Ընդդիմադիրները նստացույցին զուգահեռ անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ էին իրականացնում Երևանում և մարզերում։ Ակցիաներին մասնակցում էին ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։ Ընդդիմությունը նշում է, որ «Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»։

Մեկնաբանել