Ընդդիմությունն ամեն վայրկյան կարող է օգտագործել պատգամավորի մանդատը․ Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյան

«Ընդդիմությունն ամեն վայրկյան կարող է օգտագործել պատգամավորի մանդատը»,- այս մասին ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման անդամ Գեղամ Մանուկյանը։

«Նույն կառավարության հետ հարցուպատասխանի օրը մեր գնալը որոշումով է, ինքնանպատակ չէ։ Օգոստոսի 4-ից հետո այլևս վարչապետին անվստահություն հայտնելու սահմանադրական ժամկետի հնարավորություն է նաև լինելու»,- նկատեց Մանուկյանը։

Հարցին՝ ընդդիմությունը խորհրդարանի ամենօրյա աշխատանքներին մասնակցելու է, թե ոչ, պատգամավորը պատասխանեց․ «Ոչ, մենք ասել ենք, որ ունենք օրակարգեր, այս օրակարգերով խորհրդարանը պետք է աշխատի»։

Շուրջ մեկուկես ամիս տևած փողոցային պայքարի ընթացքում, Մանուկյանի խոսքով՝ ընդդիմությանը հաջողվեց համախմբել հասարակության հսկայական խավի, որոնք անհանգիստ են անվտանգային, Արցախի ապագայի հարցերով։ Ըստ նրա՝ արտաքին լսարանի համար էլ փաստվեց, որ հայ հասարակությունը կողմ չէ «խաղաղության դարաշրջանին, ամեն ինչում զիջելու քաղաքականությանը»։

Գեղամ Մանուկյանը կարծում է, որ հասարակության լայն շերտեր չմիացան պայքարին, քանի որ ««Դիմադրություն» շարժումը փորձեց պոպուլիզմից հեռու մնալ»։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը մայիսի 2-ից փակել էր Ֆրանսիայի հրապարակը։ Ընդդիմադիրները նստացույցին զուգահեռ անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ էին իրականացնում Երևանում և մարզերում։ Ակցիաներին մասնակցում էին ինչպես «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներ, այնպես էլ այլ խմբեր ու քաղաքացիներ։ Ընդդիմությունը նշում է, որ «Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանը նոր զիջումների տանելու մանդատ և պետք է հրաժարական տա»։

Հունիսի 14-ին «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ «ընդդիմությունը վաղվանից հավաքում է Ֆրանսիայի հրապարակի վրանները»։ Ընդդիմադիրները, Սաղաթելյանի խոսքով՝ որոշել են վերափոխման ենթարկել շարժման կառուցվածքը և բովանդակությունը՝ «շարժման ներուժը մեծացնելու, հարթակն ընդլայնելու» համար։ «Անհրաժեշտ է ինստիտուցիոնալ բնույթ հաղորդել շարժմանը, ինչպես նաև ցանցային բնույթ հաղորդել»,– ասել է Իշխան Սաղաթելյանը։

Մեկնաբանել