Լարսում օրական 170-200 մեքենա սպասարկող լրացուցիչ կետ կտեղադրվի

Վերին Լարսի անցակետում հերթերի խնդրին լուծում տալու նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել լրացուցիչ կետ տեղադրել գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որն օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել, որոշակի արտոնություն կլինի ԵԱՏՄ երկրների բեռնատարների համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Գնել Սանոսյանը նկատեց՝ սրված հարց է՝ հաշվի առնելով սեզոնայնությունը, երբ միրգ-բանջարեղենի արտահանման հարց կա: «Խնդիրը բավականին օբյեկտիվ է՝ հաշվի առնելով, որ Սև ծովում նավով շատ բեռների տեղափոխում փոխադրվել է ցամաք, ինչի հետևանքով Լարսում առաջացել է այս խնդիրը: Եվ ակնհայտ է, որ բոլոր գործընկերները բավականին ջանքեր են գործադրում այս իրավիճակից դուրս գալու ուղղությամբ»,- ասաց նախարարը:

Օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը և ՊԵԿ-ի պաշտոնյաները եղել են Լարսի անցակետում: Սանոսյանը հայտնեց, որ ռուս և վրացի գործընկերների հետ նրանք բազմաթիվ քննարկումներ են ունեցել՝ վիճակն ավելի բարելավելու ուղղությամբ:

«Եվ հետևյալ պայմանավորվածությունն ունենք՝ մոտ ժամանակներս ՌԴ կառավարության համապատասխան որոշմամբ լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից քիչ հեռավորության վրա, որն օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել, որոշակի արտոնություն կլինի ԵԱՏՄ երկրների համար: Արտոնությունը շատ ավելի մեծ է ԵԱՏՄ երկրների համար, մասնավորապես մեզ համար»,- ասաց Սանոսյանը:

Մեկնաբանել