Փաշինյանը ՖԻՖԱ-ի նախագահի հետ քննարկել է ազգային մարզադաշտի կառուցման հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, ով Հայաստան է այցելել՝ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ վերջին տարիներին Կառավարության ծրագրերով ՖԻՖԱ-ի աջակցությամբ Հայաստանում կառուցվել է շուրջ 90 փոքր մարզադաշտ․ «Ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումն ունի ոչ միայն մարզական, այլև կրթական, սոցիալական, մշակութային մեծ կարևորություն: Կառավարությունն արմատական բարեփոխում է նախաձեռնել առողջ ապրելակերպի ոլորտում և կարևորում է ՖԻՖԱ-ի ու միջազգային մյուս գործընկերների հետ գործակցությունը», – ընդգծել է վարչապետը:

Ջաննի Ինֆանտինոն ընդգծել է սպորտ-կրթություն կապի նշանակությունը և նշել, որ ՖԻՖԱ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին` ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության օրակարգի շուրջ: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ազգային մարզադաշտի կառուցման հարցին: Վարչապետը նշել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան ազգային մարզադաշտի կառուցումը Կառավարության առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ որոշակի աշխատանք է տարվում: ՖԻՖԱ-ի նախագահն ընդգծել է նման կարգի ենթակառուցվածքի նշանակությունը երկրի մարզական հեղինակության տեսանկյունից և նշել, որ ՖԻՖԱ-ն իր գործիքակազմով հնարավորինս կաջակցի այդ գործընթացին: Այս համատեքստում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է մինչ օրս կատարված աշխատանքները»,- ասվախ է հաղորդագրությունում։

Մեկնաբանել