Հայկական լրատվամիջոցները խեղաթյուրել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը

Հայկ Հովհաննիսյան, ‎#CivilNetCheck

Հայկական որոշ լրաջվամիջոցներ հունիսի 13-ին գրել են, թե իբր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ասել է՝ «‎հնարավոր է, որ Կիևը ստիպված լինի գնալ տարածքային փոխզիջումների»։

Նմանատիպ հրապարակումներ են արել shantnews.am, politik.am, hayeli.am լրատվամիջոցները և սունկ կայքեր։ Տեղեկությունը տարածել են նաև քաղաքագետ Կարեն Քոչարյանը և 106․5 լրատվական ռադիոն։

Այս տեղեկությունը, սակայն, սխալ է․ լրատվամիջոցներն աղավաղել են Ստոլտենբերգի խոսքը և նրան վերագրել պնդումներ, որոնք վերջինս չի հնչեցրել։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ուսումնասիրեց հրապարակումները և փորձեց հասկանալ, թե ինչպե՞ս է այս սխալ տեղեկությունը հայտնվել հայկական մեդիա դաշտում։

Տեղեկության աղբյուրը ռուսական կայքն էր

Չնայած բոլոր հրապարակումներում որպես տեղեկության աղբյուր նշված էր միջազգային հեղինակավոր Reuters լրատվական գործակալությունը, սակայն իրականում հոդվածներն արտատպված են ռուսական Mk.ru (Московский комсомолец) կայքից։

Եթե Mk.ru-ի հոդվածում նշված էր, որ Reuters-ը հեռարձակել է ճեպազրույցը, ապա հայկական լրատվականներում միջազգային այս կայքին են վերագրել ռուսական կայքի «‎խմբագրական»‎ մեկնաբանությունները։

Reuters լրատվական գործակալությունը իր կայքում Ստոլտենբերգի նմանատիպ խոսքերով հոդված չի հրապարակել։

Ինչ էր իրականում ասել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը

Հունիսի 12-ին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, անդրադառնալով ռուս-ուկրաինական ընթացող պատերազմին, խոսել է խաղաղության հասնելու ճանապարհների մասին։

«Այո, խաղաղությունը հնարավոր է։ Հարցն այն է, թե ինչպիսի՞ խաղաղություն: Որովհետև, եթե Ուկրաինան դուրս բերի իր ուժերը և դադարեցնի մարտերը, ապա Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ որպես անկախ, ինքնիշխան պետություն Եվրոպայում»,- ասել է Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ եթե ՌԴ ​​նախագահ Պուտինը դադարեցնի պատերազմը, ապա խաղաղություն կլինի։

«Հարցն այն է, թե ո՞րն է լինելու դրա [խմբ․՝ խաղաղության] գինը։ Որքա՞ն տարածք, ազատություն և ժողովրդավարություն ենք մենք պատրաստ վճարել այդ խաղաղության համար: Այսպիսով, մեր ռազմական աջակցությունը բանակցային սեղանի շուրջ նրանց գոտեպնդելու միջոց է, երբ նրանք բանակցություններ սկսեն խաղաղության համաձայնագրի շուրջ, հուսանք՝ դա տեղի կունենա շուտով»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ հավելելով, որ ընտրությունը պետք է անեն «ամենաբարձր գինը վճարողները» [խմբ․՝ ուկրաինացիները]:

Այսպիսով, փաստենք, որ հայկական որոշ լրատվամիջոցներ խեղաթյուրել և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին վերագրել են խոսքեր, որոնք վերջինս չի ասել` որպես աղբյուր նշելով Reuters-ը, երբ իրականում այդ աղբյուրը ռուսական լրատվամիջոցն էր։

Մեկնաբանել