Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Իրանում է

Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հրավերով Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Իրանում է: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 15-ին հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահին: Այս մասին հայտնում է ՀՀ խորհրդարանի պաշտոնական կայքը։

Իրանի Մեջլիսի նախագահի խոսքով՝ շատ են համատեղ անելիքները խորհրդարանական մակարդակում, այդ թվում՝ տնտեսական կապերի խթանման, օրենսդրական համագործակցության զարգացման, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծման ու բարեփոխման հարցում: Նրա գնահատմամբ՝ խորհրդարանները պետք է օրենսդրական մակարդակում աջակցեն Իրան-Հայաստան երկաթուղային և ավտոտրանսպորտային ճանապարհների բացման ու ենթակառուցվածքների ստեղծման գործընթացներին:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջեւ բանակցություններին՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտնել է իր դիրքորոշումը՝ ընդգծելով երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանումն ու տևական խաղաղության հաստատումը:

Երկկողմ հանդիպմանը հաջորդել է երկու երկրների խորհրդարանների ղեկավարների մամուլի ասուլիսը: Հայաստանի ԱԺ նախագահը, մասնավորապես, նշել է. «Հանգամանորեն քննարկել ենք տարածաշրջանային զարգացումները: Բնականաբար, ես անդրադարձել եմ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիային և դրա հետեւանքներին: Նշել եմ, որ բազմաթիվ հումանիտար խնդիրներ են մնացել պատերազմից հետո, մասնավորապես, ռազմագերիների վերադարձը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և հոգևոր արժեքների պահպանումը»։

Սիմոնյանի խոսքով՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները վտանգում են տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանն ուղղված հայկական կողմի ջանքերը․ «Այս առումով մենք բարձր ենք գնահատում Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը»։

«Իհարկե, մեր այսօրվա հանդիպման կարևոր թեմաներից էին նաև տրանսպորտային տարանցման վերջին մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները»,- ասել է Ալեն Սիմոնյանը։