Եթե դրամի արժևորումը պահպանվի, հոսանքի և գազի գները կարող են նվազեցվել, ասում է Գրիգորյանը

Եթե դրամի արժևորման ներկա տեմպերը շարունակվեն կամ պահպանվեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարվա վերջում կարող է անդրադառնալ էլեկտրաէներգիայի ու գազի սակագների վերանայման, մասնավորապես նվազեցման հարցին․ հունիսի 15-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։

Վերջինս նշեց, որ տարվա մեկնարկից ի վեր դոլարի համեմատ դրամը 12-13 տոկոսով արժևորվել է, իսկ գազի ու էլեկտրաէներգիայի գնի հաշվարկների մեջ փոխարժեքն էական դեր ունի։

«Գազի ու էլեկտրաէներգիայի սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, ու դրամի արժևորումը հաշվարկների մեջ պիտի մասնակից լինի։ Այլ հարց, թե ինչքանով է իրավիճակը երկարաժամկետ ու ֆունդամենտալ»,- պատասխանեց Գրիգորյանը՝ վստահություն հայտնելով, որ տարվա կտրվածքով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է անդրադառնալ հարցին։

Մեկնաբանել