Վրաստանի նախագահը կառավարությանը քննադատելուց հետո հանրահավաք է հրավիրել

Սալոմե Զուրաբիշվիլի

Սալոմե Զուրաբիշվիլի, պաշտոնական լուսանկար։

Եվրախորհրդարանի՝ Վրաստանին քննադատող բանաձևից հետո Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրապարակավ քննադատել է կառավարությանը ԵՄ-ին Վրաստանի անդամակցության թեկնածության գործընթացը «խաթարելու» համար:

Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 14-ի երեկոյան իր կեսժամյա հայտարարության մեծ մասը նվիրել է Վրաստանի ԵՄ անդամակցության ապագայի վերաբերյալ անցած շաբաթ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևի մասին Վրաստանի կառավարությանը և իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը խրատներ տալուն։

Զուրաբիշվիլին ասել է, որ կառավարությունը «խաթարել է» իր առաքելությունը՝ սատարելու երկրի ԵՄ անդամակցության թեկնածությունը:

Եվրախորհրդարանի բանաձևի ընդունումից անմիջապես հետո Զուրաբիշվիլին վերադարձել է Բրյուսելից՝ պնդելով, որ իր կառավարությունը հերթական անգամ իրեն թույլ չտվեց այցելել եվրոպական մայրաքաղաքներ, ինչը նա ձգտում էր անել ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու նպատակով Վրաստանին աջակցելու արշավի շրջանակում։

Եվրահանձնաժողովը Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ հունիսի 17-ին առաջարկություն կներկայացնի ԵՄ երկրներին, իսկ վերջնական որոշումը կկայացվի հունիսի 23-24-ը։

Իր ելույթում Վրաստանի նախագահը վրացիներին կոչ է արել հունիսի 16-ի երեկոյան մեկ ժամով հավաքվել Թբիլիսիի կենտրոնում գտնվող Եվրոպայի հրապարակում և իրենց աջակցությունը հայտնել Վրաստանի ԵՄ ձգտումներին։

Նախագահը նաև կոչ է արել «Ամոթ» շարժմանը (խիստ հակակառավարական լիբերալ կազմակերպություն է) չեղյալ համարել հունիսի 20-ի իրենց հանրահավաքը և փոխարենը միանալ իր հանրահավաքին, ինչը «Ամոթ» շարժումն անմիջապես մերժել է:

Իշխող կուսակցությունը նույնպես հայտարարել է, որ կապ չունի հանրահավաքի հետ՝ նշելով, որ այն վատ հաշվարկված քայլ է։

Սալոմե Զուրաբիշվիլին նաև դիմել է անմիջապես Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին, որպեսզի նա աջակցի Վրաստանի թեկնածության հայտին։ Նա նաև խոստացել է այդ հարցի շուրջ կապ հաստատել ԵՄ անդամ յուրաքանչյուր երկրի ղեկավարի հետ:

«Խափանված գործ»

Չորեքշաբթի արած իր հայտարարությունում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պնդել է, որ Վրաստանը հետընթաց քայլեր է կատարել ԵՄ-ին անդամակցելու իր ճանապարհին և կանգնած իր դաշնակիցներին իրենից հեռացնելու վտանգի առաջ:

«Այն, ինչ ես տեսա Բրյուսելում, պետք է անվանեմ «խափանված գործ»,- ասել է Զուրաբիշվիլին՝ հավելելով, որ անցած տարվա հուլիսին Բաթումիում Ուկրաինայի և Մոլդովայի նախագահներին հյուրընկալելուց հետո այս երկու երկրների համեմատ Վրաստանը ԵՄ անդամակցության հարցում ունեցած «առաջատար դիրքից իջել և հասել է վերջինին»։

Ձախից՝ Սալոմե Զուրաբիշվիլին, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Լուսանկարը՝ president.gov.ua կայքից:

Սալոմե Զուրաբիշվիլին թվարկել է նախագահների հանդիպումից ի վեր իշխող կուսակցության և կառավարության կողմից կայացված «տարբեր որոշումներ», որոնք Վրաստանի՝ ԵՄ մարող հեռանկարի պատճառ են դարձել։ Նա նաև նշել է, որ այդպիսի վնասակար գործողությունները դեռ շարունակվում են:

Դրանց թվում նա ընդգծել է ԵՄ միջնորդությամբ ընդդիմության հետ կնքված համաձայնագրից իշխող կուսակցության հրաժարվելը, Թբիլիսիում հոմոֆոբ և մամուլի դեմ ուղղված ջարդին «արձագանքի բացակայությունը» և անցած ամիս «Մթավարի Արխի» հեռուստաալիքի տնօրեն Նիկա Գվարամիայի «սխալ–պլանավորված» բանտարկությունը։

Ի թիվս այլ սխալների՝ նա նշել է նաև այն, որ կառավարությունը հրաժարվել է ԵՄ օգնությունից, իշխող կուսակցությունը հրաժարվել է բարեփոխել գլխավոր դատախազի ընտրության ընթացակարգը, Գերագույն դատարանում ակնհայտորեն կուսակցական նշանակումներ են արվում և «վերացվել է» Պետական տեսուչի ծառայությունը։

Վերջին օրերին սա առաջին դեպքը չէ, երբ Զուրաբիշվիլին քննադատում է իր նախկին դաշնակիցներին, և, ըստ երևույթին, նրա և իշխող կուսակցության միջև աճող թշնամանքի ավելի երկար միտման շարունակությունն է:

Վրաստանի նախագահը հիասթափեցրել է «Վրացական երազանքի» առաջնորդներին մայիսի 26-ին Վրաստանի Անկախության օրվա առթիվ իր ելույթով, որում ակնարկել էր, որ «ամոթալի» կերպով Վրաստանում դատական համակարգը դեռ խնդիրներ ունի։ Զուրաբիշվիլին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ մեկ շաբաթ առաջ գրված համատեղ հոդվածում երկրի առաջնահերթությունների թվում հիշատակել էր նաև «դատական համակարգի բարեփոխումները»։

Երկրորդ ճակա՞տ

Նախագահի կողմից Վրաստանի իշխանություններին ուղղված ամենակարևոր մեղադրանքներից մեկն այն էր, որ նրանք «թեմա են հորինել»՝ շեշտելով վտանգը, թե Վրաստանն ակամա կարող է Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշվել։

Բանաձևում, ի թիվս այլ հարցերում հնչեցված քննադատության, «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին ներկայացվել էր որպես «օլիգարխ», որը կապեր ունի Ռուսաստանի հետ և խորհուրդ էր տրվել դիտարկել նրա նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը։

«Վրացական երազանքի» անդամների հայտարարությունների վերաբերյալ հանրային բողոքը շարունակվեց անցած շաբաթվա վերջին, երբ իշխանամետ «Իմեդի» հեռուստաալիքը հրապարակեց հանրային կարծիքի ուսումնասիրությամբ զբաղվող GORBI կազմակերպության անցկացրած հարցման արդյունքները, որում վրացիներին հարց էր տրվում, թե ինչպիսին պետք է լինի Վրաստանի դիրքորոշումը, եթե «Արևմուտքը Վրաստանից պահանջի ներգրավվել Ռուսաստանի դեմ պատերազմում»:

Հարցման արդյունքները հրապարակվել են մեկ օր անց այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց, որ «եթե [ԵՄ թեկնածուի] կարգավիճակի տրամադրումը որոշվում է պատերազմով, ապա մենք պատերազմ չենք ուզում»։

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան (աջից) ընդունել է Իրակլի Ղարիբաշվիլիին մայիսի 17-ին Բրյուսել կատարած նրա այցի ժամանակ: Վրաստանի կառավարության տեսանյութից արված լուսանկար։

Հարցման հրապարակումից հետո, առանց որևէ կոնկրետ հարցման արդյունքների կամ հայտարարությունների հղում անելու, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը հայտարարել է, որ նման մեկնաբանությունը «100% ռուսական ապատեղեկատվություն» է:

Զուրաբիշվիլին, իր հերթին, պնդել է, որ բացառությամբ ուկրաինացի կոնկրետ պաշտոնյաների կողմից երբեմն արված հայտարարությունների, ինքը երբեք չի լսել, որ Վրաստանի դաշնակիցներից որևէ մեկը ակնկալի, որ երկիրը պատերազմի մեջ մտնի Ռուսաստանի հետ:

«Դա հորինվել է, – ասել է նա,- դա սուտ է»:

«Անհիմն»

Չնայած իշխող կուսակցության հասցեին իր իսկ կողմից հնչեցված խիստ քննադատությանը, Զուրաբիշվիլին նաև հայտարարել է, որ համաձայն չէ Բիձինա Իվանիշվիլիի մասին Եվրախորհրդարանի բանաձևի ձևակերպումների հետ՝ պնդելով, որ այն ներառում է «փաստացիորեն ոչ ճշգրիտ և «անհիմն» մեղադրանքներ։

Նա նաև նախատինքով է պատասխանել բանաձևի վերաբերյալ հնչած որոշ քննադատական ​​արձագանքներին, ներառյալ ենթադրություններին, թե Իվանիշվիլիի դեմ արդեն գործում են «անուղղակի պատժամիջոցներ»։ Դրանով Զուրաբիշվիլին ակնհայտորեն պատասխանել է Իվանիշվիլիի փաստաբանին, որը հայտարարել էր, թե մարտից իր պաշտպանյալի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում:

Ինքը՝ Իվանիշվիլին, ավելի քան մեկ տարի է, ինչ հրապարակային հայտարարություն չի արել։

Զուրաբիշվիլին թիրախավորել է նաև երկրի ընդդիմությանը՝ Եվրոխորհրդարանի բանաձևի մեղքը մասամբ բարդելով «արմատական ​​ընդդիմության» «հետևողական» ջանքերի վրա։