ԼՂ հայության անվտանգությունը երաշխավորող ցանկացած կարգավիճակ մեզ համար լուծում է․ Փաշինյան

Ցանկացած կարգավիճակ, որն իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար: Հունիսի 15-ին Ազգային ժողովում ՀՀ 2021 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանն իր եզրափակիչ ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե նախկինում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հայկական հայեցակարգի հիմքում դնում էինք Ղարաբաղի կարգավիճակը՝ դրանից բխեցնելով անվտանգության երաշխիքներն ու իրավունքները, այժմ հիմքում դնում ենք անվտանգության երաշխիքներն ու իրավունքները՝ դրանցից բխեցնելով կարգավիճակը: Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու ԼՂ հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները: Սա մի խոսույթ է, որ հասկանալի է միջազգային հանրությանը և ավելի հասկանալի է դարձնում մեր նպատակները և ԼՂ խնդրի էությունը: Բայց կա նաև մի կարևոր արձանագրում՝ ցանկացած կարգավիճակ, որ իրապես երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունը, իրավունքները և ազատությունները, պիտի լուծում համարվի մեզ համար»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետն իր ծավալուն ելույթում դրվագներ է ներկայացրել Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների ղեկավարման տարիներին բանակցված փաստաթղթերից՝ ապացուցելու համար, որ գործող ընդդիմությունը նախկինում չի առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով։

«Բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում թե՛ Ռոբերտ Քոչարյանը և թե՛ Սերժ Սարգսյանը, այդպիսով նաև նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս և/կամ չեն առաջնորդվել «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» սկզբունքով», – հայտարարել է նա։

Փաշինյանի ելույթի տեքստային տարբերակն ամբողջությամբ՝ այստեղ։