Շտապբուժօգնության վճարված կանչերը կրկնակի են մուտքագրվել, պետությանը պատճառվել 23 մլն դրամի վնաս

Դատախազությունը հայտնում է, որ շտապբուժօգնության վճարված կանչերի տվյալները կրկնակի են մուտքագրվել են «Արմեդ» համակարգ՝ պետությունից ապօրինի ստանալով լրացուցիչ 23մլն դրամ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Մասնավորապես՝ ՀՀ պետական վերահսկողության ծառայության կողմից շտապբուժօգնությունում իրականացվել են 2018-2021թթ. տնտեսավորողների հետ կնքված բժշկական թվով 36 պայմանագրերի ուսումնասիրություն:

«2019-2021թթ.-ին պայմանագրային հիմքով 13 տնտեսվարողներին մատուցված ծառայությունների համար վճարված 9 503 կանչերի, ինչպես նաև քաղաքացիներին վճարովի հիմունքներով մատուցված այլ ծառայությունների համար վճարված 22 612 կանչերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 2 005 դեպք, երբ «Շտապբուժօգնության» իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով՝ ծառայողական փաստաթուղթ հանդիսացող կանչի թերթիկները ճիշտ չեն լրացվել: Մասնավորապես՝ արդեն իսկ վճարված կանչերի համար թերթիկները կրկնակի մուտքագրվել են «Արմեդ» համակարգ՝ իբր պետպատվերի շրջանակներում իրականացվող ծառայություն: Դրա հիման վրա Պետական առողջապահական գործակալությունն ընկերությանը վճարել է լրացուցիչ ընդհանուր 23,2 մլն դրամ գումար»,- ասված է հաղորդագրությունում։