Հայաստանում կա արտադպրոցական դաստիարակության խնդիր. սկաուտներ

«Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման տաղավարում միջոցառումների կազմակերպիչները պատմեցին, որ 1912թ.-ից Հայաստանում գործել են բազմաթիվ սկաուտական խմբեր, որոնց գործունեությունն ընդհատվել է 1915թ Եղեռնով: 1918թ. Արևելյան Հայաստանում վերակազմավերվել է` կոչվելով «Հայ մարմնակրթության ընդհանուր միություն»: Հայաստանի խորհրդայնացումից հետո սկաուտությունն արգելվել է ԽՍՀ տարածքում, և տարագրվելով` լայն տարածում է գտել Սփյուռքի գրեթե բոլոր գաղութներում: Հայ սկաուտական կազմակերպությունները Համաշխարհային սկաուտական կազմակերպության լիիրավ անդամ են:

Այսօր սկաուտական խմբեր չկան Արցախում և Ջավախքում, դրանց գործունեությունը դադարեցվել է վերջին տասնամյակում` հիմնականում տնտեսական և քաղաքական պատճառներով:«Հայ մարմնակրթության ընդհանուր միություն» սկաուտական շարժումն այսօր իրականացնում է հայապահպանության, երիտասարդ սերնդի դաստիարակության խնդիրներ»,- նշեց խմբապետուհի Նունե Մարգարյանը:

« «Հայաստանում կա արտադպրոցական դաստիարակության խնդիր` պիոներիայի վերացումից հետո պատանիները դպրոցական պարապմունքներից հետո կարծես պարապուրդի են մատնվել, սկաուտական շարժումն ունի այդ բացը լրացնելու խնդիր»,- ասաց Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության ատենապետ Հրաչյա Շմավոնյանը:

Հայաստանում սկաուտությունը պետական աջակցություն չի ստանում: Թեպետ այն չի կարող լինել պետական կազմակերպություն, քանի որ դրա հիմնային սկզբունքն է կամավորությունը, սակայն տարբեր երկրներում այն պետական հոգածության ներքո է գործում: Պետությունները կարևորում են համաշխարհային մասշտաբով կազմակերպվող միջոցառումներում իրենց երկրները ներկայացնող երիտասարդների գործունեությունը: Ըստ Շմավոնյանի`շատ ցավալի է տարբեր միջոցառումների ժամանակ տեսնել, որ մեր թշնամի երկրներն ունեն իրենց պետությունների աջակցությունը, իսկ հայ սկաուտները, թեպետ միշտ ստանում են ամենաբարձր մրցանակները, սակայն բոլորովին պետական աջակցության ծրագրերում չեն ընդգրկվում:

Հայ սկաուտների 100-ամյակի տոնակատարությունները մեկնարկելու են վաղը.

11։00-ին՝ քայլերթ Հյուսիսային պողոտայով. նախատեսվում է, որ կմասնակցեն շուրջ 250 սկաուտներ:

12։00-ին՝ շքերթ Ազատության հրապարակում` Հայաստանի «Աստղիկ» աղջիկ-սկաուտների խմբի մասնակցությամբ,

13։00-ին՝ մասնակիցների երթը Ծիծեռնակաբերդ, որից հետո սկաուտները մեկնելու են Բյուրական:

Մինչև օգոստոսի 11-ը Բյուրականում կայանալու է միջազգային սկաուտական բանակում, որին մասնակցելու են ոչ միայն Հայաստանում գործող սկաուտական տարբեր կազմակերպությունների, այլև` Սփյուռքում գործող տարբեր հայկական սկաուտական կազմակերպությունների պատվիրակություններ, և պատվիրակություններ Համաշխարհային Սկաուտական շարժման՝ ՀՍՇ-ի անդամ պետությունների ազգային սկաուտական կազմակերպություններից: Բանակումի հանդիսավոր բացմանն ի թիվս այլ հյուրերի ներկա է գտնվելու 32 միլիոն անդամ ունեցող Համաշխարհային Սկաուտական Շարժման գլխավոր քարտուղար Լյուկ Պանիսոդը:

Մեկնաբանել