«Վիվա-ՄՏՍ»-ի ծառայություններն Արցախում հասանելի կլինեն բացառապես ռոումինգով

«Վիվա-ՄՏՍ»-ը Արցախում իր ծառայություններից օգտվող բաժանորդներին տեղեկացնում է, որ հուլիսի 1-ից Արցախում «Վիվա-ՄՏՍ»-ի ծառայությունները հասանելի կլինեն բացառապես ռոումինգի շրջանակներում:

Ընկերությունից հայտնում են, որ սակագների վերաբերյալ կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020-ի հոկտեմբերի 1-ին, «Վիվա-ՄՏՍ»-ը տեղեկացրել էր, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ցանցում ռոումինգի մուտքային և ելքային` դեպի ՀՀ բոլոր ցանցերի, ինչպես նաև դեպի «Ղարաբաղ Տելեկոմ» շարժական ու տեղական ֆիքսված ցանցերի հեռախոսահամարներին զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ՝ 1 րոպեի համար: «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ցանցից ՀՀ օպերատորների շարժական և ֆիքսված ցանցեր զանգահարելու սակագինը նույնպես 5 դրամ էր:

Հունիսի 15-ին «Վիվա-ՄՏՍ»-ը հայտարարել է ընկերության տնօրենի փոփոխության մասին։ Նոր տնօրեն է նշանակվել Արմեն Ավետիսյանը, ով մինչ այդ զբաղեցրել է «ՄՏՍ» ընկերության իրերի ինտերնետի և արդյունաբերական ավտոմատացման հարցերով փոխնախագահի պաշտոնը:

«ՄՏՍ Հայաստան» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով ընկերությունը գլխավորել է 2004 թվականին այն հիմնադրելու պահից ի վեր, լքել է ընկերությունը՝ գործարար այլ նախագծերով զբաղվելու համար:

Մեկնաբանել