Հակակոռուպցիոն կոմիտեի նոր շենքը կարող է կառուցվել դամբարանադաշտի վրա

Երևանի Սիլիկյան թաղամասում 15 հեկտար մակերեսի վրա Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի համար նախատեսված շենքը կարող է կառուցվել հուշարձանային գոտու վրա։ Շենքի նախագծահաշվային աշխատանքներին զուգահեռ, շրջակա միջավայրի ազդեցության գնահատման փուլում պարզվել է, որ հողամասը համարվում է հուշարձանային գոտի, համաձայն առկա քարտեզների՝ այն եղել է դամբարանադաշտ։ Կառավարությունը հունիսի 17-ին ընդունեց որոշում, որով Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի կառուցումը կկատարվի միայն լրացուցիչ ուսումնասիրություններից հետո։

Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ին, որն առաջարկել է դամբարանների առկայությունը ստուգելու համար կատարել գեոռադարային հանույթ։ Այդ նպատակով հատկացվել է 10 միլիոն դրամ: Աշխատանքները մեկնարկել են մարտին ու ևս 6 ամիս կշարունակվեն։

«​​Նշված միջոցառումը կտևի շուրջ 3 ամիս՝ պայմանով, որ բարենպաստ կլինեն նաև բնակլիմայական պայմանները, ինչից հետո կիրականացվի նյութերի վերլուծություն (ևս շուրջ 1 ամիս) և տարածքում հուշարձաններ չհայտնաբերելու դեպքում պետք է իրականացվի համապատասխան գործընթաց՝ համաձայն որի պետք է շրջանառվի կառավարության որոշման նախագիծ, որով նշված հուշարձանը կհանվի Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկից, ինչից հետո միայն հնարավոր կլինի ստանալ շինարարության թույլտվությունը և մեկնարկել շինարարական աշխատանքները։ Նշված գործընթացը նախնական գնահատմամբ կտևի ընդհանուր շուրջ 6 ամիս»,- նշված է որոշման հիմնավորումներում։

Ներկայում Հակակոռուպցիոն կոմիտեն գործում է Երևանի Մոսկովյան 1 հասցեում։

Մեկնաբանել