Ինչ արդարացումներով է հայաստանյան ընդդիմությունը «վայր դրել զենքը»․ հետահայաց

Ինչ արդարացումներով է հայաստանյան ընդդիմությունը «վայր դրել զենքը»․ հետահայաց

Ավելի քան մեկ ամիս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ֆրանսիայի հրապարակը փակած ընդդիմադիրները հունիսի 15-ին հեռացրին վրանային ճամբարը ու հայտարարեցին շարժման մեթոդները փոխելու մասին։ Շարժման առաջորդներից Իշխան Սաղաթելյանն էլ հայտարարեց, որ իրենք շարժման կառուցվածքը և բովանդակությունը վերափոխելու, ներուժը մեծացնելու կարիք ունեն։ Նա հավելեց, որ «իրենք ամբողջությամբ իրականացրել են ծրագրած քայլերը»։

Նախքան հեռանալը շարժման տարբեր անդամներ հարցազրույցներում իրենց հեռացումը նախապատրաստող տարատեսակ հիմնավորումներ էին ներկայացնում։ Օրինակ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը մայիսի 19-ին ասաց, որ իրենք հեղափոխության հստակ ժամկետներ չեն նշանակել, ոչ էլ ասել են՝ «հաշվարկը երբ է սկսվել ու վերջանում»:

Իշխանական պատգամավորներն իրենց հերթին առիթը բաց չթողեցին ընդդիմությանը հիշեցնելու մինչև վերջ գնալու իրենց խոստումների մասին։ Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ ընդդիմությունը մինչև վերջ գնալու խոստումից հետո փողոցային պայքարում չի հաջողում։ Ավելին, ներկայիս իշխանության շատ ներկայացուցիչներ նախկինում ներգրավված են եղել այդ պայքարներում։ ՍիվիլՆեթը ուսումնասիրել է, թե երբ և ինչ «արդարացումներով» են ընդդիմադիրները դադարեցրել փողոցային պայքարը։

«Բարևի հեղափոխություն». 2013

raffi-nikol-photolur

2013-ի նախագահական ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը 36,75% ձայներով զբաղեցրել էր երկրորդ հորիզոնականը։ Ցուցանիշները բնորոշելով «սուտ թվաբանություն»՝ նա փողոցային պայքար սկսեց՝ պահանջելով գործող նախագահ Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը։ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ինքը Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահն է:

«Ժառանգության» առաջնորդը գիշերում էր «Ազատության» հրապարակում: Նրա շուրջ էին համախմբվել ոչ միայն թիմակիցները, այլև հազարավոր մարդիկ և քաղաքական գործիչներ։ Նրանց թվում էր նաև ընդդիմադիր «Հայ ազգային կոնգրեսի» պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը փետրվարի 20-ի իր ելույթում ևս վճռական էր․ «Այլևս երբեք ոչ մի պարտություն։ Հաղթանակ կամ ոչինչ։ Հաղթանակ և ուրիշ ոչինչ»։ «Ժառանգության» անդամ Արմեն Մարտիրոսյանը պակաս վճռական չէր․ նա իշխանափոխությունը համարում էր իրականացված։ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հերթին վստահեցնում էր՝ չի հանձնվելու, Սերժ Սարգսյանը ինքնաբացարկ պետք է հայտնի մինչև ապրիլի 9-ը։

Փետրվարի 21-ին Րաֆֆի Հովհաննիսյանը ընդունեց Սերժ Սարգսյանի հրավերը և գնաց նախագահական։ Մոտ 1,5 ժամ տևած հանդիպումից հետո Հովհաննիսյանը հայտարարեց, թե գնում է դիվանագիտական շրջանակների հետ հանդիպումների` կոչ անելով բոլորին «ցրվել»։ Ինչպես հետագայում պարզվեց՝ Սերժ Սարգսյանը մերժել էր Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկները, ինչին ի պատասխան Հովհաննիսյանը որոշեց ընտրությունների արդյունքները բողոքարկել Սահմանադրական դատարանում և մարտի 10-ին սկսեց իր 21-օրյա հացադուլը։ Մարտի 31-ին, չհասնելով որևէ նկատելի արդյունքի, Րաֆֆի Հովհաննիսյանը ավարտեց իր «համեստ ծոմը»։ Չնայած մարզային այցելությունները և հանարհավաքները որոշ ժամանակ շարունակվեցին, սակայն շարժման առաջ դրված նպատակը՝ Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը, չիրականացավ։

Դ!եմ եմ պարտադիրին․ 2013

2013-ի նոյեմբերին Դ!եմ եմ շարժման անդամները Մաշտոցի պուրակում բողոքի ակցիա իրականացրին։ Օրակարգում պարտադիր կենսաթոշակային կուտակային նոր համակարգի հարցն էր: Օրենքով նախատեսվում էր 2014թ. հունվարի 1-ից գործարկել կենսաթոշակային նոր բազմաստիճան համակարգ, ըստ որի` 1974 թվականից հետո ծնված ՀՀ քաղաքացիները թոշակային տարիքի անցնելուց ոչ թե թոշակ են ստանալու բաշխողական կամ սերունդների համերաշխության սկզբունքով, այլ, թե որքան են նրանք կուտակել աշխատանքային տարիներին: Քաղաքացիների գլխավոր պահանջը օրենքից «պարտադիր» բաղադրիչը վերացնել էր:

Օրենքի վերանայման պահանջով տեղի ունեցան տարատեսակ ակցիաներ և հանրահավաքներ (1, 2, 3, 4)։ Երթերին միացել և երբեմն առաջնորդում էին նաև ընդդիմադիր քաղաքական ուժերը։ Շարժման անդամները վճռական էին պայքարը մինչև հաղթական ավարտ տանելու։

Դեկտեմբերի 11-ին կառավարության շենքում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ վարչապետի և «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարների» քաղաքացիական նախաձեռնության տասն անդամների միջև։ Հանդիպման արդյունքում ցուցարարների մտավախությունները չփարատվեցին։ Շարժումը սկսեց մարել, երբ նորընտիր վարչապետ Հովիկ Աբրահամյանն արեց իր հայտնի «պարտադիր, բայց ոչ պարտադրված» արտահայտությունը, ինչը նշանակում էր, որ կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը առժամանակ հետաձգվում է։ Այս շարժումը իր գլխավոր նպատակին ևս չհասավ՝ անգամ հետհեղափոխական Հայաստանում:

«Էլեկտրիկ Երևան». 2015

2015-ի հունիսին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հոսանքը 7 դրամով թանկացնելու որոշում կայացրեց։ Այս լուրը հանրային լայն ընդվզման առիթ դարձավ։ Երկու օր անց «Ազատության» հրապարակում բազմամարդ հանրահավաք անցկացվեց, որը վերածվեց նստացույցի՝ էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը չեղարկելու պահանջով: Ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան։ Լուսադեմին ոստիկանությունը ուժի գործադրմամբ, ջրցան մեքենաներով ցրեց ցույցը, բերման ենթարկվեց մոտ 237 քաղաքացի։

Հունիսի 27-ին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն անցկացրեց տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ, համոզմունք հայտնեց, որ սակագնի բարձրացումն արդարացված է, բայց խոստացավ, որ ՀԷՑ-ում աուդիտ կանցկացվի, իսկ մինչ այդ կառավարությունը իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը։

Բաղրամյան պողոտայի ցույցի մասնակիցները բաժանվեցին երկու մասի: «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը իշխանության զիջումները համարեց մարտավարական հաղթանակ և հունիսի 28-ի երեկոյան կոչ արեց հավաքի մասնակիցներին գնալ «Ազատության» հրապարակ և պայքարը տեղափոխել մասնագիտական հարթություն: Քաղաքացիների գերակշիռ մասը մնաց Բաղրամյան պողոտայում, իսկ «Ազատության» հրապարակում ցույցը ժամեր անց մարեց: Հունիսի 29-ից սկսած ամեն հաջորդ օր Բաղրամյան պողոտան ավելի սակավամարդ էր դառնում: Թեև «Էլեկտրիկ Երևանը» նորանկախ Հայաստանի պատմության ամենամարդաշատ սոցիալական բողոքն էր, այնուամենայնիվ, մարդկանց բարձրացրած գլխավոր պահանջներից որևէ մեկը այդպես էլ չկատարվեց։ Մեկ տարի անց դա խոստովանեցին նաև շարժման առաջնորդները։

«Սասնա ծռեր». 2016

2016թ. հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խումբը գրավել էր Երևանի Էրեբունի թաղամասում տեղակայված ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գունդը, որի ընթացքում զոհվեց երեք ոստիկան։ Խումբը կոչ արեց ժողովրդին դուրս գալ փողոց և պահանջել քաղաքական բանտարկյալների ազատությունը։ Կարճ ժամանակ անց ցուցարարները հավաքվեցին Խորենացի փողոցում՝ գրավված ՊՊԾ գնդի մոտակայքում։ Նրանք փորձում էին համերաշխություն հայտնել զինված խմբին ու բողոքել կոռուպցիայի և անարդյունավետ կառավարման դեմ։ Հուլիսի 21-ին և 22-ին ցույցերը շարունակվեցին առանց էական միջադեպերի։ Հուլիսի 23-ին խմբի անդամները ազատ արձակեցին ՊՊԾ-ում պահվող բոլոր պատանդներին՝ պահանջելով, որ փոխարենը իշխանություններն ապահովեն մամուլի կենտրոնի ստեղծումը՝ ՊՊԾ գնդի տարածքում: Սակայն նրանց պահանջը չկատարվեց, իսկ «ծռերը» շարունակեցին գրավված պահել ոստիկանական զորամասը։

Հուլիսի 25-ի դրությամբ խաղաղ ցույցերին մասնակցությունը աճեց: Այդուհանդերձ, հուլիսի 30-ին «Սասնա ծռերը» ցած դրեցին զենքերը և հանձնվեցին իշխանություններին։ Վարուժան Ավետիսյանը «Առաջին լրատվականին» հաղորդել էր, որ որոշել են չգնալ արյունահեղության և պայքարը շարունակել ռազմագերու կարգավիճակով: Հետագա օրերին շարունակվեցին խաղաղ ցույցերն ու երթերը՝ ի պաշտպանություն շարժման վիրավոր և ձերբակալված անդամների, բայց աստիճանաբար հասարակական ակտիվությունը մարեց: «Սասնա ծռերը» ևս չկարողացան հասնել իրենց նախանշած նպատակներին։

Օֆելյա Սիմոնյան

Մեկնաբանել