Եվրահանձնաժողովը հանձնարարել է մերժել Վրաստանի՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակն այս ամսվա վերջին՝ միաժամանակ նշելով, որ Ուկրաինային և Մոլդովային պետք է անհապաղ առաջարկել դաշինքի թեկնածուի կարգավիճակ:
Որոշման մասին հայտարարելով՝ Հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է, որ այն հիմնված է մի շարք քաղաքական և տնտեսական չափորոշիչների վրա։ Նրա խոսքով՝ Վրաստանի դիմումն «ուժեղ» է, և որ այդ դիմումը կարող է վերագնահատվել ապագայում, եթե երկիրը համապատասխանի մի շարք չափորոշիչների:
«Որքան շուտ դա անեք, այնքան շուտ առաջընթաց կլինի», – ասել է նա Վրաստանին ուղղված ուղերձում:
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նաև հայտարարել է, որ Ուկրաինան «ամուր նախագահական-խորհրդարանական ժողովրդավարություն է»՝ միաժամանակ բարձր գնահատելով Մոլդովայի «վճռական քայլը դեպի բարեփոխումներ», միևնույն ժամանակ, ըստ Ֆոն դեր Լեյենի, Ուկրաինան և Մոլդովան դեռևս կարիք կունենան իրենց առաջադրմանը զուգահեռ մի շարք բարեփոխումներ իրականացնել։
Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին էլ հայտարարել է, որ Վրաստանի դիմումի վերագնահատման չափանիշները ներառում են ժողովրդավարության բարելավում, քաղաքական բևեռացման դադարեցում, դատական բարեփոխումներ, հակակոռուպցիոն ինստիտուտների անկախություն և հիմնարար իրավունքներ, ներառյալ՝ մամուլի ազատությունը:
Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան Եվրամիությանն անդամակցելու հայտ են ներկայացրել՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո: Վրաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության հետ կապված մտահոգությունները հանգեցրել են Բրյուսելում և եվրոպական այլ մայրաքաղաքներում երկրի կառավարության լայնածավալ քննադատության:
Երեք երկրների հայտի վերաբերյալ վերջնական որոշումը սպասվում է հունիսի 23-24-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը։
Հարցումները ցույց են տալիս, որ ԵՄ անդամակցությանը աջակցում է վրացական հանրության ճնշող մեծամասնությունը, և ԵՄ-ի հետ Վրաստանի կառավարության հարաբերությունների վարման դեմ բողոքի ակցիան արդեն իսկ նախատեսված էր երկուշաբթի օրը՝ մինչև այսօրվա որոշումը։
Վրաստանի հեռացումը ԵՄ-ից
Հանձնարարականը գալիս է մի պահի, երբ Վրաստանի հարաբերությունները ԵՄ-ի հետ հասել են ամենացածր մակարդակին:
Հունիսի 9-ին Եվրախորհրդարանը Վրաստանի վերաբերյալ խիստ բանաձև էր ընդունել։ Թեև բանաձևը կենտրոնացած էր Վրաստանում ԶԼՄ-ների ազատության վատթարացման վրա, այն նաև դատապարտում էր անցյալ տարի Թբիլիսիում փողոցային բռնությունների հետաքննության բացակայությունը և զանգվածային գաղտնալսումների հետ կապված սկանդալը, ինչպես նաև նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի «կործանարար» ազդեցությանը Վրաստանի քաղաքականության վրա։
Բանաձևը Թբիլիսիի կառավարության կողմից թշնամաբար է ընդունվել, իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշ անդամներ առաջարկել են, որ Վրաստանը չպետք է ձգտի ԵՄ անդամակցության, եթե դա նշանակում է ընդունել իր ներքին գործերին «միջամտությունը»: Կուսակցության այլ առաջնորդներ ԵՄ-ի քննադատության համար մեղադրեցին «կործանարար» և «արմատական» ընդդիմությանը՝ մատնանշելով Միացյալ ազգային շարժում կուսակցությանը։
Վարչապետը այնքան հեռուն է գնացել, որ առանց ապացույցների ենթադել է՝ Վրաստանի նկատմամբ ԵՄ-ի աճող անհամբերությունը արդյունք է այն բանի, որ Վրաստանի կառավարությունը չի ցանկանում Ռուսաստանի հետ պատերազմել։
Եվրախորհրդարանի բանաձևն արտացոլում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից վրացական կառավարության նկատմամբ աճող քննադատությունը՝ քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական գործերին լուծում չտալու և Վրաստանի դատական համակարգի բարեփոխման չկատարված պարտավորությունների հետ կապված:
Այս ամենը 2019-ի ապրիլի գործարքի մի մասն էր, որը կառավարության և ընդդիմության միջև միջնորդել էր ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը, և որը կոչված էր վերջ դնել յոթամսյա քաղաքական փակուղուն: «Վրացական երազանքը» այդ գործարքից մի քանի ամիս անց, սակայն, դուրս է եկել:
Թեև «Վրացական երազանքը» պնդում է, որ իրենք շարունակել են իրականացնել ԵՄ միջնորդությամբ կնքված գործարքում նշված բարեփոխումները, նրանց չի հաջողվել մյուսներին համոզել, որ դա արվել է ժողովրդավարական և ներառական ճանապարհով:
Անցյալ ամառ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հստակ հայտարարել էր, որ այդ բարեփոխումները, ներառյալ Գերագույն դատարանում լրացուցիչ նշանակումները, հակասում են «Վրացական երազանքի» պարտավորություններին, իսկ Վրաստանում ԵՄ դեսպանը նախազգուշացրել էր, որ դա կանդրադառնա Վրաստանի ԵՄ անդամակցության հեռանկարի վրա:
Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի