Ադրբեջանի պաշտոնյաների հայտարարությունները պետք է նախազգուշացնող լինեն․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի մասնակիցներին։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության մարտահրավերների շուրջ: Բացման խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Գիտեք, և մենք բազմիցս դա քննարկել ենք՝ ՀԱՊԿ արդյունավետության բարձրացումը մեր նախագահության կարևորագույն առաջնահերթություններից է, և մենք կարծել ու կարծում ենք, որ պետք է լավարկել կոնկրետ իրավիճակներին արագ և ճգնաժամային արձագանքման մեխանիզմները:

Ցանկանում եմ նշել, որ սկզբունքորեն մենք նաև իրավական դաշտ ունենք այդ առումով, և 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ ընդունվել է դրույթ՝ ճգնաժամային իրավիճակներին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արձագանքելու կարգի վերաբերյալ, և ես կարծում եմ, որ այս փաստաթուղթը բավական հասկանալիորեն ձևակերպում է այն մեխանիզմները, որոնք գոյություն ունեն մեր կազմակերպությունում: Մասնավորապես, այնտեղ նախատեսված է, թե մենք որը պետք է համարենք ճգնաժամային իրավիճակ, և ինչպես պետք է դրան արձագանքենք:

Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն բանի վրա, որ այդ դրույթում կա նաև այսպիսի հասկացություն՝ «առաքելություն», որը ձևակերպված է հետևյալ կերպ. անդամ պետությունների մասնագետների խումբ՝ կազմված ՀԱՊԿ անդամ պետությունների՝ այս դրույթին համապատասխան նշանակված ներկայացուցիչներից և ժամանակավորապես ճգնաժամային իրավիճակի գոտի ուղարկվող՝ իրավիճակի մշտադիտարկում իրականացնելու, իրադրությունը տեղում որոշելու և ճգնաժամային իրավիճակի կանխարգելման և կարգավորման ուղղությամբ կազմակերպության հետագա միջոցառումների վերաբերյալ առաջարկներ մշակելու, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից սահմանված այլ գործառույթներ իրականացնելու նպատակով:

Ցանկանում եմ նաև ուշադրություն հրավիրել, որ այս փաստաթղթի երկրորդ գլխում կա «Մոնիթորինգ» կոչվող գլուխ, և ՀԱՊԿ քարտուղարությունը մշտական հիմունքով իրականացնում է կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի և դրա զարգացման միտումների վերաբերյալ տեղեկատվության հավաքում և վերլուծություն՝ ճգնաժամային իրավիճակների նախադրյալները վերհանելու նպատակով:

Ինչո՞ւ եմ ես այս մասին խոսում: Դուք գիտեք, որ դեռևս նախորդ տարի մայիս ամսին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժեցին մեր տարածք, և այդ կապակցությամբ մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին: Ես բազմիցս այդ մասին խոսել եմ, և որպես նախագահող՝ ցանկանում եմ ընդգծել, որ այդ հարցը պետք է քննարկել, ինչպես հարկն է: Ինչո՞ւ՝ որովհետև տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից ագրեսիվ հայտարարությունները շարունակվում են, և մենք այս հարցը պետք է քննարկենք՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, քանի որ դա և՛ մեզ, և՛ կազմակերպության համար շատ սկզբունքային հարց է:

Ես ցանկանում եմ նշել նաև հետևյալը. մեր տարածք ադրբեջանական զորքերի ներխուժումից հետո որոշ մեկնաբանություններ եղան առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկա սահմանագծված և սահմանազատված սահման: Անկեղծ ասած, սա բավական վտանգավոր ձևակերպում է, քանի որ ահա մենք ասում ենք՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի: Եթե մենք ասում ենք, որ պետք է հաշվի առնվեն այն սահմանները, որոնցով իրականացվել են դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացները, դա կարող է լղոզել ՀԱՊԿ պատասխանատվության գոտի հասկացությունը, քանի որ հարց է ծագում՝ իսկ որտե՞ղ է սկսվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, և որտե՞ղ է ավարտվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին:

Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի կոնկրետ սահման, քանի որ 1991 թվականին, երբ ստեղծվել է Անկախ պետությունների համագործակցությունը, ստորագրվել է միջպետական համաձայնագիր, որում հստակ գրված է, սահմանված է, որ երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց միջև գոյություն ունեցող սահմանները: Այստեղ նկատի են առնվում Խորհրդային միության ժամանակաշրջանի վարչական սահմանները, և ես կարծում եմ, որ մենք պետք է այս ելակետն ունենանք: Այս իրավիճակի հակառակ մեկնաբանությունը, կարծում եմ, կնվազեցնի ՀԱՊԿ արդյունավետությունը:

Հուսով եմ, որ այս հանդիպման և ձեր նիստի ընթացքում նշված նյուանսները նույնպես կքննարկվեն: Վերջերս Մոսկվայում, երբ տեղի ունեցավ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովը, ես բարձրացրել եմ այս հարցը: Մենք քննարկում ենք սկսել, և ցանկանում եմ ևս մեկ անգամ, որպես նախագահող, հանձնարարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին՝ մեր կանոնադրական փաստաթղթերին համապատասխան կազմակերպել այս հարցը, քանի որ հիմա իրավիճակը մեր տարածաշրջանում, կարելի է ասել, կայուն լարված է: Բայց այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, պետք է նախազգուշացնող լինեն, և կարծում եմ, որ այս հարցը պետք է քննարկենք ՀԱՊԿ ձևաչափում:

Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել ձեզ, շատ ուրախ եմ ձեզ տեսնել: Եվ շատ ուրախ եմ այն դինամիկայի համար, որը հետքովիդային ժամանակաշրջանում ձևավորվել է ՀԱՊԿ-ում, որովհետև երկու տարվա ընթացքում փաստացի շատ քիչ ենք շփվել առկա ձևաչափերում: Իհարկե, մենք շարունակել ենք աշխատել առցանց ռեժիմով, բայց, կարծում եմ, բոլորս էլ համամիտ ենք, որ այսպիսի հանդիպումներն ու շփումները շատ կարևոր են մեր աշխատանքի համար: Ուրախ եմ, որ վերադարձանք այս ռեժիմին, և դա տեղի ունեցավ մեր նախագահության տարում, այս կարևոր հոբելյանական տարում»,- ասել է Փաշինյանը։

***

Հունիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի գլոբալ ֆորումի հերթական նստաշրջանի ժամանակ իր բացման ելույթ մեղադրել է հայկական կողմին 2020-ի եռակոմ հայտարարության դրույթները չկատարելու մեջ՝ նորից բարձրացնելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Նա նշել է, որ իրենք չեն համակերպվի Նախիջևան տանող հաղորդակցային ուղու բացակայության հետ և դրա ձգձգումը նույնացրել է նախորդ 30 տարվա բանակցային գործընթացի և դրան հետևած պատերազմի հետ:

Ալիևն իր ելույթում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաև հարցականի տակ է դրել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանի նախագահի խոսքերով՝ Եվրամիության հովանու ներքո ացնկացված հանդիպմանը բանավոր պայմանավորվածություն է եղել չբարձրաձայնել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, սակայն Հայաստանի կառավարությունը այն օրակարգում է պահում, ինչը ըստ նրա՝ անհեռանկարային և շատ վտանգավոր է Հայաստանի համար:

«Եթե Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարցականի տակ դնի, ապա Ադրբեջանին այլ ելք չի մնա, քան իր հերթին հարցականի տակ դնի Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- նշել է նա՝ տարածքային պահանջներ դնելով նաև Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ:

Մեկնաբանել