«Ժողովուրդ» օրաթերթի սխալ և մոլորեցնող պնդումները՝ գլխավոր դատախազի թեկնածուի մասին

օրաթերթի սխալ պնդումները

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

«Ժողովուրդ» օրաթերթը հունիսի 17-ին «Աննա Վարդապետյանը չի համապատասխանում դատախազին ներկայացվող պահանջներին» վերնագրով հոդված է հրապարակել։

Հրապարակման մեջ նշվում է, թե ի տարբերություն բոլոր նախկին դատախազների՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գլխավոր դատախազի թեկնածու, ներկայում վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը չունի պաշտոնին համապատասխան որևէ կոչում։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը պատկանում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին։ Հրապարակումը արտատպել են news.am, tert.am, mediahub.am, yerevan.today, antifake.am, armday.am, 24news.am և շատ այլ լրատվական կայքեր։

Դասային աստիճանների մասին մոլորեցումը

Տարածվող հրապարակման մեջ նշվում է, որ ի տարբերություն Վարդապետյանի՝ բոլոր նախկին դատախազները ունեցել են «կոչումներ»։

Մեջբերվում է, օրինակ, որ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական է եղել։ Հիշատակվում են նաև նախկին դատախազներ Աղվան Հովսեփյանի և Արամ Թամազյանի դասային աստիճանները։

«Ասել է թե՝ բոլոր դատախազները կոչումներ են ունեցել, սակայն Աննա Վարդապետյանը չունի, ինչը ենթադրել է տալիս, որ նրան կընտրեն դատախազ ու նոր կոչում կտան»,- նշված է հոդվածում։

Այս պնդումը, հաշվի առնելով հրապարակման վերնագիրը, ինքին մոլորեցնող է, քանի որ գլխավոր դատախազ դառնալու համար դատախազության դասային աստիճան ունենալը պարտադիր պայման չէ։

«Դատախազության մասին» օրենքի 34-րդ հոդվածում նշված են դատախազ դառնալու սահմանափակումները, որտեղ դասային աստիճան չունենալու դեպքում որևէ արգելանք կամ սահմանափակում նշված չէ: Նման նախապայման չկա նաև թեկնածուի նկատմամբ պահանջներ սահմանող մյուս հոդվածներում։

Հակառակը` ընտրված և արդեն նշանակված գլխավոր դատախազին շնորհվում է իր պաշտոնին համապատասխան դասային աստիճան` անկախ նրանից, թե մինչ այդ նա ունեցել է աստիճան, թե ոչ:

Այսպես, «Դատախազության մասին» օրենքի 46-րդ հոդվածում նշվում է, որ դատախազության համակարգի պաշտոններում նշանակվելիս «դատախազին շնորհվում է սույն օրենքի 45-րդ հոդվածով սահմանված՝ տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն դասային աստիճանը»։

Իր հերթին 45-րդ հոդվածը սահմանում է, որ «Գլխավոր դատախազի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանը»։

Այսինքն, նշանակումից հետո Աննա Վարդապետյանին շնորհվելու է արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի «կոչում»՝ օրենքի պահանջին համապատասխան։

Նախկին դատախազների նշված «կոչումները» ևս ստացել են նշանակումից հետո

Հիշատակված երեք նախկին գլխավոր դատախազները՝ Գևորգ Կոստանյանը, Աղվան Հովսեփյանը և Արամ Թամազյանը, հոդվածում մատնանշված դասային աստիճանները ստացել են իրենց պաշտոնում նշանակվելուց հետո։

Այսպես, Գևորգ Կոստանյանը Ազգային ժողովի կողմից 2013-ի հոկտեմբերի 10-ին գլխավոր դատախազ նշանակվելու պահին ունեցել է արդարադատության առաջին դասի խորհրդականի աստիճան, քանի որ մինչ այդ եղել է զինվորական դատախազ։

Հրապարակման մեջ նշված երկրորդ դասի պետական պետական խորհրդականի աստիճանը Կոստանյանը ստացել է նշանակվելուց միայն երկու տարի անց՝ 2015-ի դեկտեմբերի 28-ին։ Կոստանյանը հեռացել է պաշտոնից 2016-ին։

Աղվան Հովսեփյանը առաջին անգամ գլխավոր դատախազ է նշանակվել 1998-ի սեպտեմբերի 16-ին և հոդվածում նշված արդարադատության պետական խորհրդականի դասային աստիճանը ստացել հաջորդ տարի՝ 1999-ի մարտի 23-ին։

Արամ Թամազյանը գլխավոր դատախազի պաշտոնին է նշանակվել 2001-ի փետրվարի 20-ին՝ մինչ այդ զբաղեցնելով Երևանի դատախազի պաշտոնը, իսկ հիշատակված արդարադատության պետական խորհրդականի աստիճանը ստացել երկու տարի անց՝ 2003-ի մայիսին։

Ինչ պահանջների պետք է համապատասխանի Վարդապետյանը

Գլխավոր դատախազի թեկնածուին ներկայացվող պահանջները սահմանվում են Սահմանադրության 177-րդ հոդվածի երկրորդ մասով, ըստ որի՝ միակ պահանջվող «կոչումը» բարձրագույն իրավաբանական կրթության աստիճանն է։

Թեկնածուին ներկայացվող պահանջները, սահմանափակումներն ու նշանակման կարգը ավելի մանրամասն սահմանված են «Դատախազության մասին» օրենքի 7-րդ գլխում։

Մասնավորապես, օրենքի 33-րդ հոդվածում հստակեցվում են կրթությանը վերաբերող պանանջները, ըստ որոնց` թեկնածուն պետք է ունենա բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան։

Կառավարության և Երևանի պետական համալսարանի կայքերում ներկայացված են Աննա Վարդապետյանի կենսագրական տվյալները, ըստ որոնց` Վարդապետյան ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան և ներկայում ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Վարդապետյանը նաև 2010-ից ԵՊՀ-ի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս է, իսկ 2017-ից՝ դոցենտ։

Դատական և իրավական ոլորտում Վարդապետյանը մասնագիտական գործունեություն է ծավալում դեռ 2007-ից` նախ Վճռաբեկ դատարանում, իսկ այնուհետև՝ Արդարադատության նախարությունում տարբեր պաշտոններ զբաղեցնելով:

Փաստենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի պնդումը, թե իշխանության կողմից առաջադրված գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանը չի համապատասխանում դատախազին ներկայացվող պահանջներին, սխալ է, իսկ նախկին դատախազների դասային աստիճանների հետ համեմատումը՝ մոլորեցնող։

Մեկնաբանել