Կրեմլում չեն դիտարկել Ուկրաինայում ՀԱՊԿ ուժերի ներգրավման տարբերակը

Կրեմլում հայտարարել են, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ուժերը Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողության մեջ ներգրավելու հարցը չի դիտարկվել:

«Ոչ, նման տարբերակ չի դիտարկվել»,- այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Interfax-ը։

Նա նշել է, որ ՀԱՊԿ զարգացումը արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում Ռուսաստանի առաջնահերթություններից է․ «ՀԱՊԿ-ի նշանակությունը մեծ է, ՀԱՊԿ-ն ոչ վաղ անցյալում ցույց տվեց իր արդյունավետությունը, օպերատիվությունն ու անհրաժեշտությունը (Ղազախստանում ՀԱՊԿ առաքելությունը – խմբ․)»,- նշել է Պեսկովը։

Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու մասին: Ռուսական կողմի պնդմամբ՝ նպատակը Ուկրաինայի ապառազմականացումն է։

Մեկնաբանել