Ջհանգիրյանի մասնակցությամբ Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունն ուղարկվել է ՔԿ

Բարձրագույն դատական խորհրդի՝ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած ձայնագրությունն ուղարկվել է քննչական կոմիտե՝ Վարդազարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները ստուգելու նպատակով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակվել է ձայնագրություն իրեն վերաբերող քրեական գործի որոշ հանգամանքների վերաբերյալ: Ձայնագրությունում առկա՝ քրեական գործով Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իրականացված քրեական հետապնդման գործընթացում առերևույթ ապօրինի միջամտության հնարավոր հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի ստուգելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։ Հանձնարարվել է նաև ապահովել ստուգվող դրվագին առնչվող բոլոր հանգամանքների պատշաճ հրապարակայնություն»,- գրել է Աբրահամյանը։

Ռուբեն Վարդազարյանն այսօր՝ հունիսի 20-ին, կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հրապարակել է ձայնագրություն, որում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը խոսում է Վարդազարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերի մասին։ Ձայնագրությունում խոսվում է «հեռանալու դիմաց քրեական գործեր չհարուցելու» մասին։

Վարդազարյանի խոսքով՝ ձայնագրությունն արվել է 2021-ի փետրվարի 20-ին, երբ իրեն վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ։ Ռուբեն Վարդազարյանը մինչև մարտի 1-ը ժամանակ է խնդրել․ «Մինչև այդ ժամկետը հրաժարական տալու դեպքում Ջհանգիրյանը երաշխավորում է, որ իմ նկատմամբ որևէ քրեական գործ չի լինելու»,- նշել է Վարդազարյանը։

Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները պաշտոնապես կասեցվել էին 2021-ի ապրիլի 15-ին։ Դրա համար հիմք էր հանդիսացել արդարադատությանը խոչընդոտելու հոդվածով նրա դեմ հարուցված քրեական գործը։

Ձայնագրությանն արձագանքել է նաև Բարձրագույն դատական խորհուրդը՝ նշելով, որ Ջհանգիրյանը «հացի սեղանի շուրջ զրույցի մանրամասները չի մեկնաբանում»։

«Հայտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարը հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում: Տեղեկացնում ենք նաև, որ ձայնագրությունը կատարվել է առանց պարոն Գ. Ջհանգիրյանի իմացության»,- հայտարարել է ԲԴԽ մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Մեկնաբանել