Արցախում արդյունավետ կառավարման համար երեք գործընթացի մեկնարկ պիտի տրվի

Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո Արցախի Հանրապետությունը կանգնած է մի շարք գոյութենական սպառնալիքների առաջ: Այդ մարտահրավերներին դիմակայելու և դրանք մեղմացնելու համար Արցախում առաջին հերթին անհրաժեշտ է արդյունավետ կառավարման համակարգ, որն ընդունակ է ձևակերպել առկա խնդիրները ու աշխատել լուծումներ գտնելու ուղղությամբ:

Այնուամենայնիվ, պատերազմի ավարտից հետո Արցախում ոչ միայն տեղի չի ունեցել կառավարման արդյունավետացում, այլև պետական համակարգում պատերազմից առաջ գոյություն ունեցած խնդիրները ավելի են խորացել: Այս հետպատերազմյան միտումը մի շարք պատճառներ ունի:

44-օրյա պատերազմի ավարտից հետո Արցախում առաջնային խնդիրը տեղահանված բնակչության վերադարձն էր երկիր, ինչպես նաև արտագաղթի կանխումը: Դա է պատճառը, որ համակարգի արդյունավետացումը գործնականորեն անհնար էր: Ավելին, վերոնշյալ խնդիրները լուծելու համար պետական կառավարման համակարգը է՛լ ավելի էր ուռճացվել:

Մյուս գործոնը, որը խոչընդոտել է կառավարման համակարգի արդյունավետացումը և նպաստել է դրա ուռճացմանը, հետպատերազմական շրջանում Արցախի ներքաղաքական անկայունությունն էր: Պատերազմի ավարտին հաջորդած ամիսների ընթացքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի իշխանությունը չափազանց թուլացել էր: Բազմաթիվ խմբեր ու անհատներ այդ շրջանում պահանջում էին նրա հրաժարականը: Այս դժգոհությունները չեզոքացնելու համար Հարությունյանը քաղաքական տեսանկյունից բավականին արդյունավետ քաղաքականություն էր ընտրել, որը որոշ չափով իրականացվում էր նաև պատերազմից առաջ: Նա նախաձեռնել էր հրապարակային դաշտում իշխանությունների նկատմամբ դժգոհություն արտահայտող անհատների ու խմբերի կոոպտացիայի գործընթաց: Այս մարտավարության արդյունքում Արցախում ներքաղաքական կայունություն է հաստատվել, սակայն դա տեղի է ունեցել կառավարման համակարգի արդյունավետության նվազեցման հաշվին:

Վերնոշյալ գործընթացների հետևանքներից էր նաև կառավարող կադրերի որակի կտրուկ անկումը: Կարելի է վստահաբար նշել, որ ներկայում Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների զգալի մասը պրոֆեսիոնալ հատկանիշներով պարզապես չի համապտասխանում զբաղեցրած պաշտոններին: Այս բոլոր հանգամանքների արդյունքում Արցախի պետական համակարգը ներկայում ընդունակ չէ արդյունավետ կառավարում իրականացնել և լուծումներ գտնել երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրների համար:

Այս իրավիճակը փոխելու համար և առկա մարտահրավերներին համապատասխան կառավարման համակարգ ստեղծելու նպատակով Արցախում երեք կարևոր գործընթացի մեկնարկ պիտի տրվի` ապաբյուրոկրատացման, իշխանության կենտրոնացման ու կադրերի թարմացման:

Ապաբյուրոկրատացման գործընթացը առաջին հերթին պետք է ենթադրի գոյություն ունեցող բյուրոկրատական ընթացակարգերի պարզեցում, իսկ որոշ դեպքերում` վերացում: Փաստացիորեն պատերազմական վիճակում գտնվող երկիրը չի կարող միջին վիճակագրական եվրոպական երկրի կարգավորումներ ու ընթացակարգեր ունենալ: Այս փուլում ժամանակի արդյունավետ օգտագործումը չափազանց կարևոր է, ուստի արհեստական խոչընդոտներ ստեղծող բոլոր գործոնները պետք է չեզոքացվեն: Ապաբյուրոկրատացման գործընթացի շրջանակներում պետք է տեղի ունենա նաև պետական համակարգում առկա ոչ արդյունավետ հաստիքների զգալի կրճատում: Սակայն այս գործընթացը պետք է իրականացվի խելամտորեն, որպեսզի այն սոցիալական ճգնաժամի ու արտագաղթի պատճառ չդառնա:

Առկա խնդիրների արագ և արդյունավետ լուծման համար Արցախում անհրաժեշտ է նաև կենտրոնացված կառավարում: 44-օրյա պատերազմի ավարտից հետո Արցախում իշխանության դիֆուզիա է տեղի ունեցել: Ի հայտ են եկել բազմաթիվ փոքր և մեծ դերակատարներ, որոնց հետ որոշում կայացնողները ստիպված են հաշվի նստել: Իշխանությունները գրեթե կորցրել են նաև ոչ պոպուլյար որոշումներ կայացնելու կարողությունը: Այս հանգամանքը մեծապես խոչընդոտում է տարբեր հարցերում անհրաժեշտ ու արագ քայլերի ձեռնարկումը: Այդ առումով երկրում կենտրոնացված իշխանության գոյությունը այս պահին կենսական անհրաժեշտություն է: Պետք է, սակայն նշել, որ կենտրոնացված կառավարումը չի նշանակում ավտորիտար կառավարում:

Եվ վերջապես, Արցախում արդյունավետ կառավարման հաստատման գործընթացում մեկ այլ կարևոր կոմպոնենտ պետք է դառնա հետպատերազմյան կադրային քաղաքականության ամբողջական վերանայումը: Արցախում առանցքային նշանակություն ունեցող պաշտոններում կոմպետենտ կադրերի սակավությունը լրջագույն սպառնալիք է երկրի ապագայի համար: Այս խնդիրը անտեսելու դեպքում մոտակա տարիներին անիմաստ է լինելու խոսել լուրջ խնդիրներ լուծելու մասին: Կադրերի թարմացման խնդիրը հնարավոր է իրականացնել` հենվելով Արցախի պետական համակարգում գոյություն ունեցող մարդկային ռեսուրսի վրա:

Մեկնաբանել