Նարեկ Մալյանին աղբարկղը նետելու գործով «Ռեստարտ»-ի անդամներն արդարացվեցին

«Ռեստարտ» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը, Դավիթ Սիմոնյանը, Գարիկ Միսկարյանը, Արամայիս Պետրոսյանը, Հրաչյա Խլղաթյանը և Յուրի Ավագյանը արդարացվեցին։

Նրանք մեղադրվում էին ակտիվիստ Նարեկ Մալյանին առևանգելու փորձի համար։ Այս գործը Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում է շուրջ 3 տարի։ Դատավոր Դավիթ Հարությունյանն այսօր՝ հունիսի 20-ին, վճռեց, որ ամբաստանյալների արարքում հանցակազմ չկա։

«Մենք ի սկզբանե պնդում էինք, որ առևանգում հոդվածով հանցակազմ տղաների արարքում չկա։ Այդ հոդվածն կիրառելի է այն դեպքերում, երբ անձի կամքին հակառակ նրան բռնում են, տեղափոխում են այլ միջավայր և պահում են։ Նպատակը պարտադիր պահելը պետք է լինի։ Անգամ մեղադրանքում չկար, որ տղաները ցանկացել են Մալյանին պահել որևէ վայրում։ Գիտեք, որ տղաները ասում էին, թե որպես ակցիա ցանկացել են տանեն ու աղբամանը նետեն նրան»,- ՍիվիլՆեթին ասաց «Ռեստարտ»-ի անդամների փաստաբաններից Կարեն Մեժլումյանը։

Նախաքննության ու դատաքննության փուլում «Ռեստարտի» անդամները բազմաթիվ անգամ պնդել են, որ 2019-ի մարտի 4-ին բլոգեր Նարեկ Մալյանին փորձել են նետել աղբամանը, քանի որ վերջինս իրենց նկատմամբ հետևողականորեն վերբալ բռնություն է կիրառել։