Էներգետիկ հարցերով մասնագիտացած ֆրանսիական Petrostrategies ընկերությունը իր World Energy Weekly շաբաթագրում անդրադառնում է Ռուսաստանի կողմից Եվրոպա գազի մատակարարումների կտրուկ կրճատմանը՝ նշելով, որ «Գազպրոմը» 60 տոկոսով կրճատել է «Հյուսիսային հոսք 1»-ով Եվրոպա գազի մատակարարումները՝ պատճառաբանելով տեխնիկական խնդիրները։
Եվրամիություն ռուսական գազի մատակարարումների ամբողջական դադարեցման սպառնալիքը ամեն շաբաթ ավելի ու ավելի շոշափելի է դառնում։ Թեև դա դեռ անմիջական հեռանկար չէ, «Գազպրոմը» վերջին մի քանի օրվա ընթացքում կտրուկ կրճատել է մատակարարումները «Հյուսիսային հոսք 1» գազատարով: Առաջին կրճատման մասին ռուսական ընկերությունը հայտարարեց հունիսի 14-ին, երբ սահմանափակեց հոսքի ծավալը մինչև օրական 100 մլն խմ՝ սկզբնապես ծրագրված օրական 167 մլն խմ-ի փոխարեն: «Գազպրոմը» այդ քայլը պատճառաբանեց տեխնիկական խնդիրներով՝ իր մատակարար Siemens-ից վերանորոգված կոմպրեսորներ չստանալով: Հաջորդ օրը (հունիսի 15-ին) ռուսական ընկերությունը հայտարարեց «Հյուսիսային հոսք 1»-ի միջոցով ԵՄ արտահանման հետագա կրճատման մասին (մինչև օրական 67 մլն խմ)՝ նույն պատճառաբանությամբ։ Ընկերությունը հաղորդեց, որ կանգնեցնում է Siemens-ի ևս մեկ գազատուրբին Պորտովայայում՝ կոմպրեսորային կայան, որտեղից սնուցվում է Nord Stream-ը: Ընդհանուր առմամբ, «Հյուսիսային հոսք 1»-ով գազի հոսքերը կրճատվել են ակնկալվող մակարդակի մինչև ընդհուպ 60%-ի չափ: Իր հերթին Siemens-ը հայտնել է, որ ներկայում իր արտադրամասերում վերանորոգվող սարքավորումները մնացել են Կանադայում Մոսկվայի դեմ պատժամիջոցների պատճառով: Գերմանական ընկերությունը հավելել է, որ Բեռլինի և Օտտավայի հետ խորհրդակցելով՝ այս խնդրին «կենսունակ» լուծում է փնտրում:
Սակայն Գերմանիան չի պատրաստվում հաշտվել «Գազպրոմի» քայլերի հետ: Մինչև գազի մատակարարման երկրորդ կրճատման մասին հայտարարությունը՝ Բեռլինը քննադատել էր Ռուսաստանի «քաղաքական որոշումը», որն առաջացել էր Ուկրաինայի շուրջ արևմտյան երկրների և Մոսկվայի միջև լարվածության պատճառով։ «Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, քաղաքական որոշում է և չի կարող պատճառաբանվել տեխնիկական հիմքերով»,- ասել է Գերմանիայի տնտեսական և կլիմայական գործողությունների դաշնային նախարար Ռոբերտ Հաբեկը: Նրա խոսքով՝ «ընթացիկ պահպանման աշխատանքների առաջին շարքը չի իրականացվի մինչև աշուն», և անգամ դա գազի մատակարարման 40% կրճատման չպետք է հանգեցնի։ Նախարարն ընդգծել է, որ գազատարի երկայնքով Siemens-ի կոմպրեսորային կայանների սպասարկումը չի ընկնում Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների տակ։ Գերմանիան (ինչպես ԵՄ-ի մյուս երկրները) կարծում է, որ «Հյուսիսային հոսք 1»-ով մատակարարումների այս կտրուկ անկումը կարող է կապված լինել հունիսի 16-ին Ուկրաինային աջակցություն հայտնելու նպատակով Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների Կիև կատարած այցի հետ։ Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին միասին մեկնել էին Ուկրաինա՝ հանդիպելու այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։
Չնայած մատակարարումների կրճատմանը՝ Ռոբերտ Հաբեկը հունիսի 14-ին հավաստիացրել է, որ իր երկիրը մատակարարումների խնդիր չունի, թեև այն դեռ կախված է Ռուսաստանից գազի իր կարիքների շուրջ 35%-ի համար: «Հյուսիսային հոսք 1»-ը Եվրոպա ռուսական գազի մատակարարումների հիմնական երակն է՝ շնորհիվ դրա տարողունակության (անցյալ տարի այն 59 մլրդ խմ գազ է մատակարարվել՝ 7,3%-ով ավելի, քան դրա անվանական հզորությունն է, որը կազմում է տարեկան 55 մլրդ խմ), քանի որ այն Ռուսաստանից Գերմանիա գազը մատակարարում է անմիջապես Բալթիկ ծովով՝ առանց երրորդ երկրներով տարանցման։ Մյուս երթուղիները ենթադրում են տարանցում Ուկրաինայի կամ Լեհաստանի տարածքով։ Nord Stream 1-ը շահագործման է հանձնվել տասը տարի առաջ, որի ընդհանուր արժեքը կազմել է 7,4 միլիարդ եվրո: