Լոռիում պարեկների նկատմամբ բռնության համար ևս երեք անձ կալանավորվել է

Դատախազությունը հայտնում է, որ Լոռու մարզում ևս երեք անձի մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության պարեկային ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու համար, նրանք կալանավորվել են։

Մինչս այս՝ Լոռու մարզում պարեկային ծառայության գործարկվելու օրվանից՝ 2022-ի ապրիլի 16-ից մինչև մայիս ամսվա վերջ պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերով որպես մեղադրյալ էր ներգրավվել 7 անձ, որոնցից 5-ի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։

«Մասնավորապես, 2022-ի հունիսի 3-ին Ստեփանավանի Ուրասար բնակավայրում ծառայություն իրականացնող 2 պարեկներ ավտոմեքենայի ընթացքի ժամանակ ծխելու համար կանգնեցրել են նշված բնակավայրի մի բնակչի ավտոմեքենան, ինչից հետո պարզվել է, որ վարորդը գտնվում է ակնհայտ ոչ սթափ վիճակում: Սթափության վիճակի զննության ընթացքում, պարեկային ծառայության աշխատակիցներին են մոտեցել նույն բնակավայրի 3 բնակիչներ, ովքեր գտնվելով ոչ սթափ վիճակում, սկսել են վիճաբանել պարեկների հետ: Այդ ընթացքում նրանք ոտքով հարվածել են պարեկներից մեկին, բռնելով վերջինիս գոտուց ամրացված մահակից և ատրճանակի պատյանից ու քաշելով՝ փորձել են հափշտակել հատուկ միջոցը և հրազենը: Միաժամանակ ոստիկանության ծառայողների հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, նաև հարվածել և վնասել են պարեկների ծառայողական ավտոմեքենան»,- ասված է հաղորդագրությունում։

Պարեկների նկատմամբ ևս մեկ բռնության դեպք է եղել հունիսի 12-ին Փամբակ համայնքի տարածքում։

«Պարեկներն ավտոմեքենայի տարեկան տեխնիկական զննում անցած չլինելու պատճառով կանգնեցրել են Արարատի մարզի մի բնակչի վարած ավտոմեքենան, ապա պահանջել ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը: Պարեկներից մեկից տեղեկանալով վարորդական իրավունքի վկայականն իր մոտ չգտնվելու պատճառով ավտոմեքենան ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու նրա օրինական մտադրության մասին՝ քաղաքացին սկսել է վիճաբանել վերջինիս հետ, որի ընթացքում զույգ բռունցքներով միաժամանակ հարվածել է նրա կրծքավանդակի առաջային մակերեսին»,- տեղեկացնում է դատախազությունը։

Վերը նշված երկու քրեական գործերով միջնորդություններ են ներկայացվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան 3 մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք դատարանի որոշումներով բավարարվել են:

Մեկնաբանել