Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տարածաշրջանի ապաշրջափակման հարցը

Հունիսի 20-ին Մինսկում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը, հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

ՌԴ կառավարությանը ղեկավարը նշել է, որ Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանի հիմնական արտաքին առևտրատնտեսական գործընկերը և ՀՀ տնտեսության ներդրողը․ «Այս տարվա հունվար-ապրիլ ամիսների արդյունքներով` փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 30 տոկոսով և գերազանցել 890 մլն դոլարը: Կարծում եմ` դեռևս աճելու տեղ կա: Ռուսական կապիտալի ծավալը ՀՀ տնտեսության մեջ կազմում է ավելի քան 2 մլրդ դոլար, այստեղ ևս աճելու հնարավորություններ կան և ռուս ներդրողների համար կարևոր կլինի ընդլայնել իրենց ներդրումները Հայաստանում»,- ասել է նա։

Միշուստինը հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարությունը կշարունակի բարենպաստ պայմաններ ստեղծել ռուսական ընկերությունների համար:

«Մենք նաև առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածության համապատասխան: Գործնական աշխատանքն ընթանում է եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում` փոխվարչապետների համանախագահությամբ: Սանկտ Պետերբուրգի տնտեսական ֆորումի ընթացքում տեղի է ունեցել նրա հերթական նիստը»,- նշել է Ռուսաստանի վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը գործընկերոջը շնորհակալություն է հայտնել՝ առևտրատնտեսական հարաբերությունների բարձր տեմպի պահպանման ուղղությամբ արված քայլերի համար

«Ցանկանում եմ հատկապես ընդգծել այն որոշումները, որոնք Դուք ընդունել եք Վերին Լարսի անցակետի հետ կապված: Գիտեք, որ ցավոք դեռևս այն միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Հայաստանին ու Ռուսաստանին: Մտահոգություններ են առաջացել կապված տնտեսական ընթացիկ կոնյուկտուրայի հետ` ստեղծվում են որոշակի խնդիրներ ցամաքային տնտեսական հոսքերի ավելացման առնչությամբ և շատ կարևոր են որոշումները, որոնք Դուք արդեն ընդունել եք և որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք»,- ասել է վարչապետը։

Ինչ վերաբերում է տարածաշրջանի ապաշրջափակմանը, Փաշինյանը նշել է․ «Հույս ունեմ, որ այն աշխատանքը, որը կատարվել է, դրա արդյունքներով մենք կհանգենք կոնկրետ որոշումների, քանի որ գիտեք, որ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների բացումը կարևոր է տարածաշրջանի բոլոր պետությունների համար: Ընթացիկ իրավիճակում այն ունի առանձնահատուկ նշանակություն»։

Մեկնաբանել