Եզդի իրավապաշտպանի դատավարությունը շատ կարևոր է Հայաստանի ժողովրդավարության համար

սաշիկ սուլթանյան

Անահիտ Չիլինգարյան, OC Media

Սաշիկ Սուլթանյանի դեմ հարուցված քրեական գործը հիմնված է «ազգամիջյան ատելություն հրահրելու» կեղծ մեղադրանքի վրա։ Եթե եզդի իրավապաշտպանը դատապարտվի, դա կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանում բոլոր իրավապաշտպանների աշխատանքի վրա։

Հանրային ներգրավվածությունը առանցքային գործիք է, որը կառավարությունների վրա ազդելու նպատակով մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվողներն օգտագործում են ամենուր, որպեսզի կառավարություններն ավելի բարենպաստ պայմաններ ստեղծեն իրավունքների պաշտպանության համար: Երբեմն դա մեր ունեցած միակ գործիքն է: Սա նշանակում է նաև հրապարակայնորեն քննադատել իշխանություններին, իսկ ժողովրդավարական երկրներում պաշտոնյաներից պահանջվում է դա հանդուրժել։

Հայաստանում իրավապաշտպանությամբ զբաղվող Սաշիկ Սուլթանյանի մտքով անգամ չէր անցնի, որ երկու տարի առաջ մի լրագրողի հետ իր ունեցած զրույցը, որում ինքը քննադատում էր իշխանություններին մարդու իրավունքների վիճակի համար, իր դեմ քրեական հետապնդման հիմք կդառնա:

Սուլթանյանի դատավարությունը, որին ես հետևում եմ նոյեմբերին դատական լսումների մեկնարկից ի վեր, մեծ կարևորություն ունի: Սուլթանյանը ղեկավարել է խումբ, որն աշխատում է երկրի եզդի փոքրամասնության իրավունքների պաշտպանությամբ։ Ինքը ևս եզդի համայնքի ներկայացուցիչ է։ Նրա նկատմամբ 2020-ի հոկտեմբերից քրեական հետապնդում է իրականացվում ազգամիջյան ատելություն հրահրելու մեղադրանքով, որը հիմնված է 2020-ի հունիսին հրապարակված հոդվածի վրա, որում մեջբերվում է նրա խոսքը․ Սուլթանյանը քննադատում է ենթադրյալ խտրականությունը, որին Հայաստանում ենթարկվում է եզդի համայնքը:

Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան կարող է սպառնալ մինչև վեց տարվա ազատազրկում:

Սակայն վնասն ավելի մեծ կլինի Հայաստանի ժողովրդավարության համար, քանի որ եթե Սուլթանյանը դատապարտվի, ապա դա ամենայն հավանականությամբ բացասական ազդեցություն կունենա խոսքի ազատության և, հնարավոր է, ամբողջ երկրում մարդու իրավունքների պաշտպանության վրա:

Հոդվածում Սուլթանյանը պնդում է, թե Հայաստանում եզդիները չեն կարողանում սովորել իրենց լեզուն կամ զարգացնել իրենց մշակույթը և քիչ են ներկայացված տեղական ինքնակառավարման մարմիններում: Նա նաև ասում է, որ հայերը բռնագրավել են եզդիների ունեցվածքը, իշխանությունները չեն պաշտպանում եզդիների իրավունքները, և եզդիները «վախի մեջ» են ապրում։

Այս տեսակետները լիովին տեղավորվում են միջազգային իրավունքով պաշտպանված օրինական խոսքի սահմաններում:

Անկախ նրանից, թե խտրականության վերաբերյալ Սուլթանյանի պնդումները ճիշտ են, թե ոչ, 2020-ին նրա արտահայտած կարծիքը օրինաչափ խոսք է։ Միևնույն ժամանակ, այն փաստը, որ դատախազը բացահայտ հերքել է, թե Հայաստանում եզդիների նկատմամբ էթնիկ խտրականության որևէ դրսևորում կա, վստահություն չի ներշնչում, որ պետական պաշտոնյաները ջանասիրաբար են հետաքննում խտրականության դեպքերը։

Իշխանությունները վաղուց պետք է դադարեցրած լինեին Սուլթանյանի դեմ հարուցված գործը, ինչը նրանց հորդորում էին Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի փորձագետները։

Հետաքննությունն սկսվել է «ՎԵՏՕ» շարժման առաջնորդ Նարեկ Մալյանի բողոքի հիմա վրա։ «ՎԵՏՕ»-ն արմատական աջակողմյան խմբավորում է, որը Հայաստանում իրավապաշտպանների և մասնավորապես «Բաց հասարակության հիմնադրամների» դեմ ագրեսիվ թշնամություն տարածողի համբավ է ձեռք բերել: Այս անտագոնիզմը, ըստ երևույթին, կապված է «Բաց հասարակության հիմնադրամների» հիմնադիր, հունգարական ծագումով բարերար Ջորջ Սորոսի ենթադրյալ ստոր գործողությունների նկատմամբ ողջ աշխարհում աջ ծայրահեղական խմբերի կողմից բուռն թշնամանքի հետ։

Ապացույցները, որ դատախազը ներկայացրել է դատավարության ժամանակ, կասկածի քիչ տեղ են թողնում, որ սադրանքի վերաբերյալ մեղադրանքը մեղադրող կողմի թաքնված նպատակի անփույթ քողարկում է։ Ակնհայտ է, որ բողոքը նպատակ ունի վարկաբեկել մարդու իրավունքների պաշտպաններին, մասնավորապես նրանց, ովքեր ֆինանսավորում են ստանում «Բաց հասարակության հիմնադրամներ»-ից։ Մեղադրող կողմը, կարծես թե, խրախուսում է այս մոտեցումը։

Օրինակ՝ դատախազը միացրեց ազգությամբ մի եզդիի հետ 2020-ին Նարեկ Մալյանի հրավիրած համատեղ մամուլի ասուլիսից մի հատվածի ձայնագրություն, որում Մալյանն ասում է, թե Սուլթանյանը համարում էր, որ Հայաստանում եզդիների համար ամեն ինչ լավ է, մինչև այն պահը, երբ 2019-ին ֆինանսավորում ստացավ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ից: Այնուամենայնիվ, իրականում Սուլթանյանը 2013-ից ի վեր զբաղվում է եզդիների իրավունքների պաշտպանությամբ ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, իսկ 2018-ին հիմնադրել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոն հասարակական կազմակերպությունը։

Դատավարության ընթացքում դատախազը ակնարկեց, որ ազգային փոքրամասնությունները, հատկապես եզդիները, խտրականության չեն ենթարկվում Հայաստանում, և որ Սուլթանյանը կողմնակալ է եղել ու փորձել է խաբել եզդիներին, որպեսզի նրանք հակառակը մտածեն: Որպես ապացույց նա դատարանի համար միացրեց Սուլթանյանի և նրա գործընկերների ու ընկերների միջև տեղի ունեցած մի քանի հեռախոսազրույցի ձայնագրություն։ Մեկում Սուլթանյանը խոսում է մի գյուղի մասին, որտեղ եզդիներն ապրում են համեմատաբար բարեկեցիկ, մեկ այլ դեպքում գործընկերներից մեկն ասում է, թե կան որոշ եզդիներ, որոնք քննադատում են Սուլթանյանի աշխատանքը։ Դատախազն օգտագործեց նաև Հայաստանում եզդիների իրավունքների մասին 2019-ի սեպտեմբերին մարդու իրավունքների միջազգային մի ֆորումում Սուլթանյանի ունեցած հրապարակային ելույթը։

Դատախազի ներկայացրած մյուս ապացույցների թվում էր թղթի մի կտոր, որը հետաքննությունը հայտնաբերել էր Սուլթանյանի փաստաթղթերում։ Թղթի վրա շրջանակի մեջ էր առնված «խտրականություն» բառը, և թվարկված էին եզդիների նկատմամբ հնարավոր խտրականության օրինակներ։ Դժվար է իմանալ, թե այս թղթի կտորն ինչ պետք է ապացուցեր։

Փաստն այն է, որ Հայաստանը գրեթե մեկ տասնամյակ պայքարում է խտրականության դեմ համապարփակ օրենք ընդունելու համար։ Չնայած Հայաստանի սահմանադրությամբ խտրականությունն արգելված է, չկա օրենսդրություն, որը սահմանում է հավասարության չափանիշներ, երաշխավորում է կրթության ոլորտում խտրականության դեմ երաշխիքները և նախատեսում է խտրականության վտանգի տակ գտնվող մարդկանց իրազեկության բարձրացում, համապատասխան պաշտպանություն, մշտադիտարկում և ընթացակարգային երաշխիքներ:

Թեև 2019-ին խտրականության դեմ համապարփակ օրենսդրական փաթեթի աշխատանքները նոր թափ առան, գործընթացը կրկին կանգ է առել։ Խտրականության դեմ սպասվող օրինագծի փաթեթը ներառում է և՛ խտրականության դեմ օրենքը, և՛ «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքը, որպեսզի երաշխավորվի Հայաստանում ազգային և էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը։

«Ես ուզում էի պայքարել խտրականության դեմ, և կարծում էի, որ պետությունը կաջակցի ինձ այս հարցում,- նիստից առաջ ինձ հետ զրույցում ասաց Սուլթանյանը։- Ո՞վ կկարծեր, որ դա այպիսի զարգացում կունենա»:

Դեռ չափազանց ուշ չէ, որպեսզի իշխանությունները վերացնեն Սուլթանյանին առաջադրված կեղծ մեղադրանքները։ Այս գործի վրա ռեսուրսները վատնելու փոխարեն նրանք պետք է գործեն օրինական խոսքը պաշտպանելու և մարդկանց խտրականությունից պաշտպանելու համար։ Շատ լավ կլիներ, որ սկսեին խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրության ընդունումը արագացնելուց, որը կապահովի բոլորի համար համարժեք, արդյունավետ պաշտպանություն:

Մեկնաբանել